Երեք ամիս առաջ կինովարձույթային մամուլում թիվ մեկ թեման էր դարձել Universal Pictures ստուդիայի և ԱՄՆ-ի եւ ամբողջ մոլորակի խոշորագույն կինոցանցի՝ AMC-ի միջեւ կոնֆլիկտի պատմությունը:
Վիճաբանության պատճառը՝ «Տրոլլերը․ Համաշխարհային շրջագայություն» անիմացիոն ֆիլմի թողարկումը պրեմիում տեսավարձույթի ձևաչափով և NBC Universal մեդիաընկերության գլխավոր տնօրեն Ջեֆ Շելի հետագա հայտարարությունները: Անիմացիոն սիքվելի առաջին հաջողությունների ալիքի վրա նա ասել է, որ կինոստուդիան նախատեսում է ֆիլմերը թողարկել երկու ձեւաչափերով (պրեմիում տեսավարձույթի և կինովարձույթի), նույնիսկ կինոթատրոնների բացումից հետո: Դրանից ամեն ինչ սկսվեց:
Այս հայտարարությունը վատ է ընդունել ամբողջ ոլորտը: Գրեթե անմիջապես արտակարգ հայտարարություն է տարածել Կինոթատրոնների սեփականատերերի ազգային ասոցիացիան (NATO): Բարձրագոչ հայտարարություններով հանդես է եկել աշխարհի մեծությամբ երկրորդ կինոցանցը՝ Cineworld-ը: Նման պրակտիկան դատապարտող հայտարարությամբ արդեն հանդես են եկել եւ UNIC կինոթատրոնների եվրոպական ասոցիացիան:
Հոլիվուդում բացահայտ խոսում էին պատերազմ սկսելու մասին և դրա արդյունքը մեծ հետեւանքներ կունենա ամբողջ մոլորակի կինոթատրոնների համար:
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Universal-ը և AMC կինոցանցը եկել են համաձայնության և պայմանավորվել են ԱՄՆ-ում ռելիզների կինոթատրոնային պատուհանի կրճատման մասին: Կողմերը պայմանավորվել են, որ ֆիլմերը կարող են AMC ցանցի կինոթատրոններում պրեմիերայից 17 օր անց տարածվեն տեսավարձույթի պրեմիումային ձեւաչափով: Ճիշտ է, վերապահումներով և պայմաններով, գլխավորն այն է, որ ժապավենները պետք է հասանելի լինեն PVOD-ի համար ամենաբարձր արժեքով՝ ոչ պակաս, քան $20: Ընդ որում, AMC-ն այս կերպ կփոխհատուցվի ֆիլմի վաճառքից ստացված միջոցների մի մասը: Թե ինչպիսին կլինի այդ տոկոսը, չի հստակեցվում:
Համաձայնագրի կնքման լուրը շատերին ցնցել է ամերիկյան և միջազգային շուկաներում: Սա իսկական հեղափոխություն է նախկին իրավիճակի համեմատ, երբ տնային տեսանյութի թողարկվում էին, որպես կանոն, ֆիլմի պրեմիերայից երեք ամիս անց: AMC-ն հանդես էր գալիս որպես ավանդական կինոթատրոնային պատուհանի պաշտպան, որը տնային կրիչների եւ վիրտուալ հարթակների վրա ֆիլմի թողարկումից առաջ ենթադրում է վարձույթում դուրս գալու օրվանից 75-90 օրվա սպասման շրջան: Այժմ, ստուդիաները (խոսքը միայն Universal-ի մասին է, առայժմ) թույլատրվում է ընդլայնել դիստրիբյուցիայի հնարավորությունները 17 օրից հետո:
Universal-ի և AMC-ի համաձայնագիրը վերաբերում է ամերիկյան շուկային, սակայն կողմերն արդեն հայտնել են, որ բանակցություններ են սկսում միջազգային վարձույթում բաշխման հնարավորությունների տարբերակման շուրջ: AMC-ն լայնորեն ներկայացված է Եվրոպայում, Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում: Ամերիկյան մյուս կինոցանցերը գործարքի մեջ ներառված չեն, սակայն, ըստ երեւույթին, նրանք ստիպված կլինեն ներգրավվել այդ գործընթացում:
Պայմանավորվածության հանրայնացումից անմիջապես հետո Cineworld-ը արձագանքում է կինովարձույթային պատուհանների ոչնչացմանը ուղղված այս գործարքին:
«Մենք նման մոդելի մեջ որեւէ գործնական իմաստ չենք տեսնում: Եվ չնայած մենք դեռ չգիտենք համաձայնագրի բոլոր մանրամասները, մենք միշտ վերլուծում ենք այն, ինչ տեղի է ունենում արդյունաբերության մեջ, եւ վերլուծելու ենք այս իրավիճակը, այդ թվում: Կարեւոր է հասկանալ, որ Universal-ի առաջին մեծ ֆիլմը կթողարկվի միայն վեց ամիս անց, ուստի այստեղ ոչ մի ճնշում եւ շտապում չկա: Բայց մենք դա միանշանակ ընկալում ենք որպես սխալ որոշում ոչ ճիշտ ժամանակին: Ակնհայտ է, որ մենք չենք պատրաստվում փոխել մեր քաղաքականությունը այն ֆիլմերի ցուցադրությանը, որոնք հարգում են ավանդական կինոթատրոնային պատուհանը», – մեկնաբանեց Deadline հրատարակությանը Մուկի Գրայդինգերը, Cineworld-ի գործադիր տնօրենը:
Cineworld-ի Regal-ը ԱՄՆ-ում մեծությամբ երկրորդ ցանցն է՝ 42 նահանգներում 7155 էկրաններով 542 կինոթատրոններում: Ընդհանուր առմամբ Cineworld-ն աշխատում է 10 երկրներում, 9500 էկրան:
Deadline-ի հետ զրույցում վերջին իրադարձությունները մեկնաբանել է Vue Cinemas կինոցանցի գործադիր տնօրեն Թիմ Ռիչարդսը: Vue Cinemas-ը սպասարկում է 2000 էկրան տասը երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում եւ Թայվանում:
«Ես դրանում իմաստ չեմ տեսնում։ Հենվելով այս օրերին գլոբալ կինոցուցադրության ոլորտի գործընկերների հետ բազմաթիվ խոսակցությունների վրա, ես կասեի, որ այս գործարքը բացարձակապես օտար է դարձել և զարմանք եւ հիասթափություն է առաջացրել այն բանով, որ այս քայլը քննարկելու հնարավորություն չի եղել: Մենք կարծում ենք, որ գործարքը նույնքան վատ է ինչպես ստուդիաների, այնպես էլ կինոթատրոնների համար: Սա այն ոլորտը չէ, որն այժմ որեւէ ուղղման կարիք ունի: Ես չեմ կարծում, որ նրանք մեծ աջակցություն կստանան այլ ստուդիաներից: Անցյալ տարի արդյունաբերությունը ռեկորդ էր սահմանել՝ հավաքելով 42 մլրդ դոլար: Մենք ունեցել ենք պատմության մեջ ամենահասութաբեր ֆիլմը, ինչպես նաեւ R տարիքային դասակարգումով ամենահասութաբեր ֆիլմը: Նման իրավիճակում ինչ-որ բան փոխելու կարիք կա՞», – ասել է Ռիչարդսը:
Ռուսաստանի կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիան (АВК) ներկայացրել է իր դիրքորոշումը օնլայն հարթակներում լույս տեսնող ֆիլմերի կինոթատրոնային վարձույթի հարցի, ինչպես նաեւ կինոթատրոնային պատուհանի ժամկետների փոփոխության վրա ազդող գործընթացների վերաբերյալ:
Ասոցիացիայում վստահ են, որ կինոթատրոնները նախատեսված են ֆիլմերի համար, որոնք իսկապես նկարահանվել են մեծ էկրանների համար, ինչպես նաեւ կոլեկտիվ ընկալման եւ դիտման համար: ԱՎԿ-ում հատուկ ընդգծել են, որ ֆիլմերը պետք է լայն կինոթատրոնային վարձույթի ներկայանան բացառիկ՝ այլ հարթակներում ներկայանալուց առնվազն 90 օր առաջ:
«Տվյալ դրույթը պետք է ամրագրվի կինոթատրոնային վարձույթի մասին լիցենզիոն պայմանագրերում, իսկ նման պարտավորությունները չկատարելու դեպքում իրավատիրոջ կողմից պետք է տեղի ունենա նման ֆիլմի վարձույթի ֆինանսական պայմանների ավտոմատ փոփոխություն՝ հօգուտ կինոթատրոնների», – ասվում է Ասոցիացիայի հայտարարության մեջ:
Քանի որ ԱՊՀ-ում հիմնական գնորդն ու իրավատերը Ռուսաստանն է, հայկական կինոթատրոնները կախված են ռուս գործընկերների կայացրած որոշումներից: Եվ այստեղ շատ կարևոր է համատեղ աշխատանքը: