«Կոչի՛ր ինձ քո անունով» (Call Me by Your Name) դրաման կունենա շարունակություն: Ինչպես հաղորդում է իտալական GAY.IT! պարբերականը, նման հայտարարություն է արել ֆիլմի ռեժիսոր Լուկա Գուադանյինոն: Ավելին, ռեժիսորի խոսքով, գլխավոր դերերի կատարողներ Թիմոթի Շալամեն ու Արմի Համերը, ինչպես նաեւ այլ դերասաններ արդեն համաձայնել են նկարահանվել շարունակության մեջ: Բեմադրիչը նաեւ խոստովանել է, որ ֆիլմի վրա աշխատանքը ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
«Ես պատրաստվում էի գնալ Ամերիկա հանդիպելու սցենարիստի հետ, որին ես պաշտում եմ եւ ում անունը չեմ ուզում նշել, որպեսզի քննարկեմ երկրորդ մասը, – ասում է Գուադանյինոն: – Դժբախտաբար, ամեն ինչ չեղարկվեց: Իհարկե, դա մեծ հաճույք է աշխատել Թիմոթի Շալամեի, Արմի Համերի, Մայքլ Սթուլբարգի, Էսթեր Գարելի եւ այլ դերասանների հետ: Նրանք բոլորը կլինեն նոր ֆիլմում»:
Օսկարակիս ֆիլմի շարունակության սյուժեի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, որն, ամենայն հավանականությամբ, հիմնված կլինի այս շարքի երկրորդ՝ «Գտիր ինձ» գրքի վրա, որի գործողությունը տեղի է ունենում առաջին վեպի իրադարձություններից տասը տարի անց:
2020 թ. պետք է լույս տեսներ Գուադանյինոյի մեկ այլ նախագիծ՝ «We Are Who We Are» սերիալը, որը ռեժիսորը մշակել է HBO-ի համար: Պրեմիերայի ամսաթիվը չի հաղորդվում: