Մարտի 11-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել էր նիստ, որի ժամանակ որոշում էր կայացվել «Հ3 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ:
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացնելով հարցը նշել է, որ Հանձնաժողովը «Հ3 հեռուստաընկերություն»-ից ուսումնասիրություն կատարելու նպատակով պահանջել էր հունվար ամսվա ընթացքում եթեր վերահեռարձակված ոչ սեփական հեռուստահաղորդումների ցուցադրման իրավունքի պայմանագրերը:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք համադրվել են «Հ3» հեռուստաընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված հաշվառման մատյանի տվյալների հետ՝ ի հայտ են եկել բազմաթիվ իրավական խախտումներ:
Հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ Ընկերության նկատմամբ, առանց իրավական հիմքերի ոչ սեփական հեռուստահաղորդումներ վերահեռարձակելու հիմքով կիրառվել էր վարչական տույժ գրավոր նախազգուշացում: Սակայն գրավոր նախազգուշացում կիրառելուց հետո կրկին իրականացվել էր նույն խախտումը և որը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նիստի ավարտին Հանձնաժողովը որոշում է կայացրել նշանակել վարչական տույժ, որն ուժի մեջ է մտնում «Հ3 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից: