Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության տնօրեն, կինոռեժիսոր և պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը շարունակում է բացահայտել հայկական կինեմատոգրաֆիայի մութ կողմը:
«Ըստ մեզ փոխանցված փաստաթղթի 2020թ-ին կինոկենտրոնից ամենամեծ ֆինանսավորումը ստացել է «Ոսկե ծիրան կինոյի զարգացման հիմնադրամը»՝ Հ․ Խաչատրյանի որդու, Ռ․ Խաչատրյանի ֆիլմի համար։
Հայկական կինոյի չարորակ ուռուցք «ոսկե ծիրան» աղանդավորական կարտելը ցանկացած իշխանության հետ սերտաճելու յուրահատկության շնորհիվ վերջին 20 տարում կարողացել է զավթել կինոյի պետական կառավարման բոլոր լծակները։ Աղանդի անդամները նստած են կինոկենտրոնում, ԿԳՄՍ նախարարությունում, կինոմիությունում, կինոակադեմիայում։ «Կինոյի տնից» հայ կինոն ղեկավարող այս աղանդն է պատասխանատու մեր կինոթատրոնային ցանցի ոչնչացման, Հայֆիլմի վաճառքի, պետական երկու ստուդիաների արտադրած կինոաղբի համար։ Սակայն ամենակարող սինդիկատը փլուզման եզրին է իր մի օղակի՝ ազգային կինոկենտրոն կոչվող թարախաբշտիկի ղեկավարի ճակատագրական սայթաքումների պատճառով։
Այս սինդիկատին պետք չէ թերագնահատել։ Հանրային ճանաչելիությունը 0-է, կինոյում թողած հետքը՝ աննշմար, 3 միլիոնանոց Հայաստանում չեք գտնի 3 մարդ, որ սրանց ստեղծած 3 ֆիլմի անուն հիշի, բայց գումարը, որ պետությունը ծախսել է սրանց «ֆիլմերի» ու «միջոցառումների» վրա 15 տարում գերազանցել է 12 միլիարդը։ 12 միլիարդ դրամ, կամ 25 միլիոն դոլար ֆիլմերի, փառատոնի ու անվերջանալի ուղևորությունների համար, որոնք պետական գանձարան ոչինչ հետ չեն բերել։ Հայ կինոյի ամենաամոթալի ժամանակը կերտած, ՀՀ անխտիր բոլոր իշխանությունների տակ պառկած ահա այս մարդիկ, հիմա տքնում են մարկետինգային rebranding-ի վրա որպեսզի նոր իշխանության տակ մտնեն որպես «հեղափոխական բարեփոխիչներ»։
Ի՞նչ են ուզում իրականում։ Ուզում են պահել հանցավոր սինդիկատի սեյֆը՝ ազգային կինոկենտրոնը։ Կառույց, որի միջոցով սինդիկատը սնվում է, շրջագայում ու կաշառում հպատակ ռեժիսորներին՝ ֆինանսավորելով ֆիլմերը։ Կառույց, որը ղեկավարում է մի կին, ում գործունեության միակ ուշագրավ արդյունքները հաղորդագրություններն են դատախազությանը, ում մեղադրում են կեղծ մատնության, հովանավորչության, պետական գումարների փոշիացման մեջ։ Ինչո՞ւ։ Որովհետև հանցագործ սինդիկատի սկզբունքով, չեն զիջելու սեյֆը, պատերազմելու են օրինականության դեմ մինչև վերջին «փամփուշտը», հասկանալով, որ սա իրենց էպոխայի վերջն է։»
Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի Կինեմատոգրաֆիստների Միությունը՝ ի դեմս Հայաստանի կինոգործիչների, բաց նամակով դիմել էր Կառավարությանը կոչ անելով «հնարավորինս արագ ավարտել կինոոլորտի համակարգային և կառուցվածքային փոփոխությունները»: Ամբողջական նամակը կարող եք կարդալ այստեղ:
Հովաննես Գալստյանը նշել է, որ շատ շուտով կներկայացնի Կինոկենտրոնի դեմ հարուցված գործի նոր և ավելի լայն մանրամասներ. «Ես մի քանի գրառումով կանդրադառնամ կինոկենտոնին, որոից հետո կհանրայնացնեմ «Շուշանիկ Միրզախանյանի հաղորդման հիման վրա» մեր ընկերության դեմ հարուցված թիվ 10101319 քրեական գործի դետալները։ Գործ, որ բացահայտում է հայ կինոյի պետական կառավարման ողջ աղբը՝ կեղծ բարեպաշտների, ինտրիգանների, կազնակրատների ու մատնիչների տեսքով։ Գործ, որով փակելու ենք հայկական կինոյի ամենակեղտոտ էջը ու սկսելու ենք նոր, մաքուր Կադրից։ Տնօրենի ժպ-ն չի մնա կինոկենտրոնում, կինոմիությունն էլ կզրկվի «Կինոյի Տունը» վայելելու մենաշնորհից։ Ականջներիդ հետևը կտեսնեք, հայ կինոյի մոնոպոլ կառավարումը այլևս չեք տեսնի»: