Նյու Յորքի Լինքոլն կենտրոնի կինոբաժինը (FLC) 2020 թ․ հունիսի 26-ից առցանց կինոթատրոնի ամառային ցուցադրությունների ծրագրում ընդգրկել է Սերգեյ Փարաջանովի երեք վերականգնված կարճամետրաժ ֆիլմերը՝ «Հակոբ Հովնաթանյան» (1967), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1986), «Կիևյան որմնանկարներ» (1966)։ FLC-ի առցանց կինոթատրոնը գործում է մարտից՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով։ Ֆիլմը հասանելի է լինելու ԱՄՆ-ի տարածքում:
Փարաջանովի այս երեք ուշագրավ վավերագրական աշխատանքները 2019 թ․ ընտրվել էին Նյու Յորքի միջազգային 57-րդ կինոփառատոնի համար:
Լինքոլն կենտրոնի կինոբաժինը (FLC-ն) ցուցադրելու է նաև վաղամեռիկ ռեժիսոր Մարիա Սահակյանի «Փարոս» ֆիլմը: Ֆիլմը Ռուսաստանի և Նիդերլանդների համատեղ արտադրություն է, ֆիլմի մի մասը նկարահանել են Հայաստանում:
Հիշեցնենք, որ «Հակոբ Հովնաթանյան» Ֆիլմը վերականգնվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լեհական Fixafilm ընկերության միացյալ ուժերով՝ «Համո Բեկ-Նազարյան. հայ կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում: Վերականգնման պրոդյուսերն է Դենիել Բըրդը։ Վերականգնման աշխատանքները ֆինանսավորվել են Kino Klassika հիմնադրամից (Լոնդոն):