Հուլիսի 17-ին հայտնի են դարձել BAFTA TV Craft Awards մրցանակի դափնեկիրները: Ամենաշատ մրցանակները՝ 7-ը, ստացել է HBO-ի արտադրության «Չեռնոբիլ» / «Chernobyl» սերիալը: Նախագիծն արժանացել է մրցանակի զգեստների դիզայնի, ռեժիսուրայի, մոնտաժի, օրիգինալ երաժշտության, օպերատորական աշխատանքի և լուսավորության, բեմադրիչ-նկարչի աշխատանքի և ձայնային ձևավորման համար:
Բեկումնային տաղանդ / Breakthrough Talent անվանակարգում մրցանակը բաժին է հասել Էյսլինգ Բեային «Տակնուվրա» / «This Way Up» սերիալի սցենարի համար: Վավերագրական նախագծի լավագույն ռեժիսոր է ճանաչվել Արթուր Կարին, ով աշխատել է BBC-ի համար «Վերջին փրկվածները» / «The Last Survivors» նախագծի վրա: Լավագույն կատակերգական սցենարի համար մրցանակը բաժին է ընկել Ջեյմի Դեմետրիուին՝ «Ստասն ամեն ինչ կհանձնի» / «Stath Lets Flats» սերիալի հեղինակին, իսկ լավագույն դրամատիկ սցենարի համար՝ Ջեսի Արմսթրոնգին, որը «Ժառանգների» / «Succession» ստեղծողն է:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին տեղի կունենա BAFTA TV Awards մրցանակաբաշխության առցանց արարողությունը, որի վարողը կլինի բրիտանացի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Ռիչարդ Այոադին: