ԿԳՄՍ նախարարության՝ կինոյի ոլորտին առնչվող երկու թափուր հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի։ Նոյեմբերի 10-ին անցկացված հարցազրույցներից հետո մրցույթի մասնակիցներից ոչ մեկը չի հաղթահարել վերջին փուլը։
KinoPress-ն ավելի վաղ ներկայացրել էր նախարարության հայտարարած մրցույթները, որոնցով մասնագետներ էին փնտրվում կինոյի պետական քաղաքականության մշակման և ոլորտային ծրագրերի իրականացման ուղղություններով։
Երկու պաշտոնների համար ընդհանուր ներկայացվել էր 14 դիմում։ Դրանցից յոթը հաստատվել էին, սակայն նոյեմբերի 6-ին անցկացված թեստավորմանը մասնակցել էր ընդամենը երեք թեկնածու։ Թեստավորման փուլը հաղթահարել էր երկուսը։
Ծրագրերի իրականացման բաժնի ավագ մասնագետի պաշտոնի համար ներկայացվել էր հինգ դիմում։ Երեքը հաստատվել էին, երկուսը՝ մերժվել։ Թեստավորմանը մասնակցել էր միայն Հայկ Խանամիրյանը, որը հաղթահարել էր փուլը, սակայն նոյեմբերի 10-ի հարցազրույցը չի անցել։
Քաղաքականության մշակման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի համար ներկայացվել էր ինը դիմում՝ չորսը հաստատվել էր, հինգը՝ մերժվել։ Թեստավորմանը մասնակցել էր երեք թեկնածու, որոնցից միայն Մանե Խալաթյանն էր անցել հարցազրույցի փուլ։ Նա ևս չի հաղթահարել վերջին փուլը։
Առկա տվյալներով՝ Հայկ Խանամիրյանը դիմել էր նաև գլխավոր մասնագետի պաշտոնի համար, սակայն այդ մրցույթում չէր հաղթահարել թեստավորումը։
Այսպիսով, 14 դիմումից յոթը հասել էին մրցույթի մասնակցության փուլ, երեք թեկնածու մասնակցել էր թեստավորմանը, երկուսը՝ հարցազրույցին, սակայն երկու հաստիքների համար էլ հաղթող չի ընտրվել։
Գլխավոր մասնագետի աշխատանքը ներառում է կինոյի ոլորտի իրավական ակտերի, ռազմավարությունների և պետական ծրագրերի մշակումը, ոլորտային քաղաքականության վերլուծությունն ու միջազգային համագործակցությունը։ Ավագ մասնագետի գործառույթների թվում են կինոյի պետական դրամաշնորհային ծրագրերը, ստեղծագործական ծրագրերի հաշվետվությունները, ինչպես նաև կինոփառատոների և ոլորտային միջոցառումների իրականացման աշխատանքները։















