Նոյեմբերի 19-ին Sony Pictures կինոընկերությունը հրապարակել է «Սոխակը» (The Nightingale) պատմական դրամայի առաջին թրեյլերը։ Մայքլ Մորիսի ռեժիսորական աշխատանքը հիմնված է Քրիստին Հաննայի՝ 2015 թվականին հրատարակված համանուն բեսթսելերի վրա։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում նախատեսված է 2027 թվականի մարտի 19-ին։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ գերմանական օկուպացիայի ենթարկված Ֆրանսիայում։ Դակոտա Ֆանինգը մարմնավորում է Վիան Մորիակին, որը փորձում է պաշտպանել իր ընտանիքը, իսկ Էլ Ֆանինգը՝ նրա կրտսեր քրոջը՝ Իզաբել Ռոսինյոլին, որը միանում է ֆրանսիական Դիմադրության շարժմանը։ Երկու քույրերն ընտրում են գոյատևման և պայքարի տարբեր ուղիներ։
«Մենք բառացիորեն երբեք միասին նույն տեսարանում չենք նկարահանվել», — Vanity Fair-ին տված հարցազրույցում պատմել է Դակոտա Ֆանինգը՝ անդրադառնալով քրոջ հետ առաջին համատեղ աշխատանքին։
Գլխավոր դերակատարներից բացի, ֆիլմում նկարահանվել են Մարկ Ռայլենսը, Շիրա Հաասը, Ալբրեխտ Շուխը, Էդմունդ Դոնովանը, Դուգլաս Հոջը, Գվիլիմ Լին և Վինետ Ռոբինսոնը։ Սցենարի հեղինակներն են Դանա Սթիվենսը և Էնն Փիքոքը։ Դակոտա և Էլ Ֆանինգները նաև ֆիլմի պրոդյուսերներն են՝ Ռիզ Ուիզերսփունի և նրա Hello Sunshine ընկերության հետ համատեղ։
«Սոխակը» ֆիլմի էկրանավորման աշխատանքները սկսվել են դեռևս 2015 թվականին, երբ TriStar Pictures-ը ձեռք բերեց վեպի էկրանավորման իրավունքները։ 2019 թվականին հայտարարվեց գլխավոր դերերում Ֆենինգ քույրերի մասնակցության մասին, սակայն COVID-19 համավարակի պատճառով նկարահանումները հետաձգվեցին։ Նախապես ֆիլմի ռեժիսորը պետք է լիներ Մելանի Լորանը, որին հետագայում փոխարինեց Մայքլ Մորիսը։
Նախկինում Դակոտա և Էլ Ֆանինգները նկարահանվել էին «Ես Սեմն եմ» (I Am Sam, 2001) դրամայում՝ մարմնավորելով նույն կերպարին տարբեր տարիքում։ «Սոխակը» նրանց առաջին ֆիլմն է, որտեղ քույրերը միասին մասնակցում են նույն տեսարաններին։















