ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մարտի 6-ին հանրային քննարկման ներկայացված «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը մասնագիտական համայնքում արդեն ստացել է հրապարակային արձագանքներ։ Հանրային քննարկման հարթակում հրապարակված մեկնաբանությունները ցույց են տալիս, որ առաջարկվող փոփոխությունները մի շարք կինոգործիչների, պրոդյուսերների և ոլորտի այլ մասնագետների մոտ լուրջ մտահոգություններ են առաջացրել։
Ներկայացված մեկնաբանություններից պարզ է դառնում, որ քննադատության հիմնական առանցքներից մեկը վերաբերում է հեղինակային և գույքային իրավունքների կառավարման հարցին։ Մասնագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչներ անընդունելի են համարել այն մոտեցումը, որով ազգային մարմնին կարող է վերապահվել կինեմատոգրաֆիայի ոլորտում հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարելու դեր։ Նրանց գնահատմամբ՝ նման ձևակերպումը կարող է հակասել ինչպես ՀՀ հեղինակային իրավունքի մասին օրենսդրությանը, այնպես էլ միջազգային մասնագիտական պրակտիկային, որտեղ ֆիլմի իրավունքների կրողը սովորաբար հանդիսանում է արտադրողը կամ համարտադրողները։
Առանձնապես սուր արձագանք է ստացել նաև այն դրույթը, որով ազգային ֆիլմեր կարող են համարվել ոչ միայն սահմանված չափանիշներին համապատասխանող ֆիլմերը, այլև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը կամ ազգային մարմնին։ Որոշ մեկնաբանների կարծիքով՝ այս մոտեցումը հակասական է թե՛ իրավական, թե՛ մշակութային քաղաքականության տեսանկյունից, քանի որ այն նոր հարցեր է առաջացնում պետության և ոլորտային կառույցների դերի վերաբերյալ ստեղծագործական արտադրանքի նկատմամբ։
Մեկ այլ կարևոր թեմա վերաբերում է պետական աջակցության համակարգին։ Քննադատության առիթ են դարձել նախագծում առկա այն առաջարկները, որոնցով դադարեցվում կամ վերաձևակերպվում են գործող օրենքի մի շարք դրույթներ՝ կապված պետական ֆինանսավորման մասնաբաժինների, սահմանաչափերի, ինչպես նաև կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցության ընդհանուր կառուցվածքի հետ։ Մասնագետներից ոմանք պնդում են, որ նման փոփոխությունները կարող են թուլացնել ոլորտի համար կարևոր ռազմավարական երաշխիքները և ավելի մեծ տեղ թողնել կամայական որոշումների համար։
Հանրային մեկնաբանություններում շեշտվել է նաև, որ գործող օրենքում ամրագրված պետական աջակցության մեխանիզմները չեն կարող պարզապես դուրս բերվել ոլորտային օրենքից՝ առանց մանրամասն հիմնավորման և հնարավոր հետևանքների վերլուծության։ Որոշ հեղինակներ պնդում են, որ պետական ֆինանսավորման սկզբունքների կարգավորումը պետք է շարունակի մնալ հենց կինեմատոգրաֆիայի մասին օրենքի շրջանակում, այլ ոչ թե տեղափոխվի այլ ենթաօրենսդրական ակտերի դաշտ։
Քննարկման առանցքային թեմաներից է դարձել նաև «ազգային ֆիլմ» հասկացության վերաշարադրումը։ Մասնագիտական արձագանքներում նշվում է, որ ռեժիսորի կամ սցենարիստի ՀՀ քաղաքացի լինելու պահանջի թուլացումը, ինչպես նաև լեզվի վերաբերյալ նոր մոտեցումները կարող են փոխել ազգային ֆիլմի գաղափարական և իրավական բովանդակությունը։ Որոշ մասնագետներ առաջարկել են պահպանել գործող օրենքի հիմնական տրամաբանությունը՝ միաժամանակ առանձին կարգով քննարկելով լեզվական չափորոշիչների կիրառումը պետական առավելագույն աջակցություն ստանալու դեպքերում։
Առանձին մտահոգություններ են հնչել նաև կինոռեեստրի և կինոժառանգության պահպանման վերաբերյալ առաջարկվող փոփոխությունների շուրջ։ Մասնավորապես, քննադատության է արժանացել այն մոտեցումը, որով օրենքից հանվում կամ փոխվում են «ազգային ֆիլմ», «հանրային օգտագործում» և ֆիլմի նկատմամբ գույքային իրավունքների փոխանցման հետ կապված գործող ձևակերպումները։ Մեկնաբանների մի մասը դա գնահատել է որպես իրավական անորոշություն ստեղծող քայլ, որը կարող է բարդացնել ինչպես արտադրողների գործունեությունը, այնպես էլ ժառանգության պահպանման և հանրային հասանելիության հետ կապված գործընթացները։
Հանրային քննարկման ընթացքում հնչել են նաև կառավարման մոդելին վերաբերող դիտարկումներ։ Մասնավորապես, հարցականի տակ է դրվել Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձևավորման այն մոտեցումը, որով որոշ պետական մարմինների ղեկավարների փոխարեն կարող են ներգրավվել ներկայացուցիչներ։ Որոշ մասնակիցների կարծիքով՝ ոլորտի կառավարման մեջ պատասխանատվության և քաղաքական կշռի պահպանման համար անհրաժեշտ է, որ առանցքային պաշտոնյաները շարունակեն անձամբ ներգրավված մնալ որոշումների ընդունման գործընթացում։
Նախագծի վերաբերյալ առավել ծավալուն արձագանքներից մի քանիսը ներկայացրել են ռեժիսոր և պրոդյուսեր Արմինե Անդան, ռեժիսոր և պրոդյուսեր Իննա Սահակյանը, ինչպես նաև ճարտարապետ և մշակութային գործիչ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը։ Նրանց մեկնաբանություններում առանձնանում են միևնույն առանցքային թեմաները՝ արտադրողի իրավունքների պաշտպանություն, միջազգային համատեղ արտադրությունների իրավական ապահովում, ազգային մարմնի լիազորությունների սահմանափակում և օրենքի փոփոխությունների հիմնավորման թերի լինելը։
Մասնավորապես, Իննա Սահակյանը շեշտել է, որ առաջարկվող փոփոխությունները, իր գնահատմամբ, հակասում են ոչ միայն Հայաստանի մի շարք օրենքների, այլ նաև «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային։ Նրա դիտարկումներում նշվում է, որ արտադրողի գույքային իրավունքների թուլացումը կամ ազգային մարմնի դերակատարման ընդլայնումը կարող է վնասել միջազգային համատեղ արտադրություններին և հայկական ֆիլմերի միջազգային դիստրիբյուցիային։
Արմինե Անդան իր հրապարակված մեկնաբանություններում նաև պահանջել է չշարունակել նախագիծը ներկայիս տեսքով՝ պնդելով, որ առաջարկվող փոփոխությունների զգալի մասը պետք է դուրս բերվի։ Նրա գնահատմամբ՝ խոսքը ոչ թե առանձին տեխնիկական ճշգրտումների, այլ գործող համակարգի խորքային վերաձևակերպման մասին է, որը կարող է բացասաբար ազդել ոլորտի իրավական և մասնագիտական միջավայրի վրա։
Հարթակում հրապարակված ավելի կարճ արձագանքների թվում է նաև Գրիգոր Պողոսյանի մեկնաբանությունը, ըստ որի՝ գույքային իրավունքները որևէ կերպ ֆինանսավորող մարմնին կամ հիմնադրամին փոխանցելը անընդունելի է։ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը ևս անընդունելի է համարել այն հասկացությունները, որոնցով գույքային իրավունքների պատկանելությունը կապվում է պետության կամ ազգային մարմնի հետ՝ դա դիտարկելով որպես ժողովրդավարական սկզբունքներին անհամապատասխան մոտեցում։
Հանրային քննարկման հարթակում ներկայացված գրեթե բոլոր այս մեկնաբանությունների տակ պաշտոնական արձագանքը նույնն է եղել՝ «ընդունվել է ի գիտություն» կամ «կդիտարկվի լրացուցիչ»։
Նշենք, որ սա օրենքի փոփոխությունների նախագծի շուրջ ձևավորվող առաջին քննադատական ալիքը չէ։ Ավելի վաղ՝ 2025 թվականի ամռանը, երբ նախագծի նախնական տարբերակը ներկայացվել էր հանրային քննարկման «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում, այն ստացել էր զգալիորեն ավելի մեծ և կոշտ բացասական արձագանք մասնագիտական համայնքի կողմից։ Այդ փուլում հնչած դիտարկումները նույնպես վերաբերում էին նույն առանցքային հարցերին՝ պետական աջակցության համակարգին, հեղինակային իրավունքների կարգավորմանը և ազգային մարմնի լիազորությունների սահմաններին, ինչը ցույց է տալիս, որ ոլորտի մտահոգությունները պահպանվում են նաև նախագծի ներկայիս խմբագրության նկատմամբ։
Այս փուլում արդեն տեսանելի է, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը դարձել է ոչ միայն իրավական, այլև մասնագիտական լայն քննարկման թեմա։ Հանրային քննարկման մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ոլորտի ներկայացուցիչների զգալի մասը փոփոխությունները դիտարկում է ոչ թե որպես զուտ տեխնիկական ճշգրտումներ, այլ որպես կինեմատոգրաֆիայի կառավարման, ֆինանսավորման և իրավական հարաբերությունների հիմքերի վերասահմանման փորձ։







































