ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հաստատել պետական բյուջեի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտին ֆինանսավորում տրամադրելու կարգը։ Այս մասին «ԿինոՊրես»-ի հոկտեմբերի 6-ի լրագրողական հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքն Ազգային ժողովն ընդունել է 2021 թվականի հունիսի 30-ին։ Այն ուժի մեջ է մտել նույն թվականի հուլիսի 26-ին։ Օրենքով Կառավարությանը վերապահվել է պետական բյուջեի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտին ֆինանսավորում տրամադրելու կարգի հաստատումը։
Օրենքի սկզբնական խմբագրության սահմանված էր, որ օրենքով նախատեսված կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտերը պետք է ընդունվեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2022 թվականի հուլիսի 26-ը։
2023 թվականի սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում։ Հոկտեմբերի 15-ից ուժի մեջ մտած փոփոխություններով վերախմբագրվել է նաև օրենքի իրագործման պահանջը՝ ենթաօրենսդրական ակտերի ընդունման մեկամյա ժամկետը փոխարինելով վեցամսյա ժամկետով։
2026 թվականի հուլիսի 30-ին Կառավարության N 1122-Ն որոշմամբ հաստատվել են ֆիլմերի առանձին կատեգորիաների պետական ֆինանսավորման մասնաբաժիններն ու սահմանաչափերը։ Դրանից առաջ՝ հուլիսի 1-ին, ԿԳՄՍ նախարարի N 32-Ն հրամանով հաստատվել էր պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը։ Սակայն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված՝ պետական ֆինանսավորում տրամադրելու առանձին կարգը չի ընդունվել։
«ԿինոՊրես»-ի հարցման առաջին կետին ի պատասխան նախարարությունը հայտնել է.
«Պետական բյուջեի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտին ֆինանսավորում տրամադրելու՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգը դեռևս չի ընդունվել»։
Նախարարության պարզաբանմամբ՝ համապատասխան կարգի մշակումն ու ընդունումը նախատեսվում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումից հետո։
Միաժամանակ նախարարությունը հայտնել է, որ ներկայում կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական բյուջետային հատկացումներն իրականացվում են 2026 թվականի պետական բյուջեի «Կինեմատոգրաֆիայի ծրագիր» ծրագրի շրջանակում՝ Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշմամբ հաստատված բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների համաձայն։
Նախարարությունն արդեն շուրջ մեկուկես տարի փորձում է փոփոխություններ կատարել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում, սակայն այդ ընթացքում ներկայացված երեք՝ միմյանց հակասող փոփոխությունների նախագծերից ոչ մեկը մինչ օրս չի հասել վերջնական ընդունման։
Հատկանշական է, որ 2026 թվականին ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի մշակած՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նոր նախագծով առաջարկվում է ընդհանրապես ուժը կորցրած ճանաչել օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասը, որը սահմանում է ենթաօրենսդրական ակտերի ընդունման վեցամսյա ժամկետը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ այդ առաջարկը պայմանավորված է նրանով, որ կառավարության մի շարք որոշումներ և այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունվել են օրենքով նախատեսված վեցամսյա ժամկետից ուշ, իսկ որոշ ակտեր դեռևս պետք է ընդունվեն։
















