ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԿԻՆՈՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը: Սա «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի շրջանակում ոլորտը համակարգող հինգերորդ ընդունվող կարգն է, որի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թ-ի հունիսի 13-ի N 1080-Ա/2 հրամանով հաստատված Աշխատանքային խմբի կողմից:
Ըստ նախագծի՝ Ազգային ֆիլմերի ստեղծման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու համար պետք է կանոնակարգվեն աջակցության ձևերը և պայմանները, ինչպես նաև միջազգային շուկայի ուսումնասիրությամբ՝ ֆինանսական աջակցության չափաբաժինները: Կարևոր են նաև ֆիլմերի անվանակարգերի (խաղարկային, վավերագրական, անիմացիոն) առանձնահատկություններով պայմանավորված հստակ սահմանումները, ինչը կնպաստի յուրաքանչյուր ուղղության արտադրության համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մրցութային ձևաչափը միտում ունի նաև ձևավորելու՝ հայկական արտադրության ֆիլմերի և փորձառու մասնագետների մրցակցային դաշտ, որը կնպաստի հայկական կինոարտադրանքի մրցունակության ապահովմանը միջազգային շուկայում:
Հարկ է նշել, որ պահպանվել է ներկայում գործող Հայաստանի կինոյի հիմնադրամի կանոնակարգը, որը սահմանվել էր դեռ 2018 թվականին և թարգմացվում էր յուրաքանչյուր տարի:
Մրցույթ
Էականորեն կրճատվել է հայտերի ընդունման և ուսումնասիրման ժամկետը: Ընդհանուր առմամբ այն կազմել է 70 օր կամ ~2,5 ամիս: «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի պահանջվող ներառվել է հայտատու համարվող տնտեսվարող սուբյեկտների (կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց) տնտեսական դասակարգիչների լայն ցանկը:
Փոփոխություն է տեղի ունեցել նախագծերի գնահատման գործընթացի մեջ՝ փորձագիտական հանձնաժողովի բոլոր անդամների կողմից ֆինանսավորման համար ընտրված Հայտերի հավասար միավորների և հավասար պայմանների դեպքում ֆինանսական բաշխման արդյունքում առաջացած մնացորդի բաշխման որոշումը կայացվում է փորձագիտական հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
Էականորեն կրճատվել է հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը: Ներկայացվող փաստաթղթերի ցանկից հանվել են նաև սցենարական նյութի հեղինակային իրավունքը հավաստող փաստաթուղթը, գրական հիմքի հեղինակային իրավունքի փաստաթուղթը (գրական հիմքի առկայության դեպքում):
գրական հիմքի հեղինակային իրավունքի փաստաթուղթ (գրական հիմքի առկայության դեպքում);
Ֆինանսավորում
Զգալի փոփոխություն է ապրել 6-րդ հավելվածը, որը իրենից ներկայացնում է յուրաքանչյուր նախագծին հատկացվող պետական ֆինանսավորման չափը սահմանող փաստաթուղթ:
Եթե հայկական կողմը հիմնական (մաժորիտար) արտադրող է, ապա գործում են հետևյալ փոփոխությունները՝
Խաղարկային լիամետրաժ ֆիլմերի արտադրության փուլի համար նախատեսվում է հատկացնել 80 մլն. դրամ (60 մլն. դրամ արտադրական ծախսեր, 20 մլն. դրամ հետարտադրական ծախսեր), ներկայիս 60 մլն. դրամի փոխարեն (50 մլն. դրամ արտադրական ծախսեր, 10 մլն. դրամ հետարտադրական ծախսեր): Առանձին հետարտադրական փուլի համար առաջարկվում է 20 մլն. դրամ՝ ներկայիս 10 մլն. դրամի փոխարեն:
Վավերագրական լիամետրաժ ֆիլմերի արտադրության փուլի համար նախատեսվում է հատկացնել 50 մլն. դրամ (35 մլն. դրամ արտադրական ծախսեր, 15 մլն. դրամ հետարտադրական ծախսեր), ներկայիս 40 մլն. դրամի փոխարեն (30 մլն. դրամ արտադրական ծախսեր, 10 մլն. դրամ հետարտադրական ծախսեր): Առանձին հետարտադրական փուլի համար առաջարկվում է 15 մլն. դրամ՝ ներկայիս 10 մլն. դրամի փոխարեն:
Անիմացիոն լիամետրաժ ֆիլմերի արտադրության փուլի համար նախատեսվում է հատկացնել 100 մլն. դրամ (80 մլն. դրամ արտադրական ծախսեր, 20 մլն. դրամ հետարտադրական ծախսեր), ներկայիս 52,5 մլն. դրամի փոխարեն (50 մլն. դրամ արտադրական ծախսեր, 2,5 մլն. դրամ հետարտադրական ծախսեր): Առանձին հետարտադրական փուլի համար առաջարկվում է 20 մլն. դրամ՝ ներկայիս 2,5 մլն. դրամի փոխարեն:
Գումարների վերանայում տեղի չի ունեցել հայկական կողմի ոչ հիմնական համարտադրող (մայնորիթի) լինելու պարագայում:
Կարճամետրաժ նախագծերին ֆինանսավորման հատկացման հայեցակարգը վերանայվել է, հնարավորություն ընձեռելով ռեժիսոր ուսանողներին նույնպես ստանալ աջակցություն ողջ նախագծի համար: Սա մեծ խթան կարող է հանդիսանալ որակյալ կուրսային կամ դիպլոմային աշխատանք նկարահանելու համար:
| Կարճամետրաժ Նախագծի տեսակը | Յուրաքանչյուր նախագծին հատկացվող գումարի առավելագույն չափը ամբողջ արտադրության համար (ՀՀ դրամ) |
| Խաղարկային | 20 000 000 |
| Վավերագրական | 15 000 000 |
| Անիմացիոն | |
| դասական նկարովի անիմացիայի տեխնիկա (2D) և ծավալային գրաֆիկա (3D), վերադարսովի, ֆլեշ, stop motion և անիմացիայի այլ տեխնիկաներ, 1 րոպեի արժողության հաշվարկը՝ 3 000 000 դրամ (առավելագույնը՝ ընդ. բյուջեի 70%) | 21 000 000 |
| Դեբյուտային անիմացիոն ֆիլմեր | 12 000 000 |
| Հիմնական արտադրող երկիրը Հայաստանը չէ (ստացած պետական ֆինանսավորման առնվազն 150%-ի չափով գումար պետք է ծախսվի ՀՀ-ում:) | 14 000 000 |
| Դեբյուտ (Նախագծեր, որոնց ռեժիսորները ուսանող են) | |
| Խաղարկային | 3 000 000 |
| Վավերագրական | 3 000 000 |
| Անիմացիոն | 3 000 000 |
Ֆինանսական բոլոր փոփոխությունները արվում են գործող պետբյուջեյի շրջանակում: Նախագծից պարզ չէ, թե ֆինանսավորման որ ձևաչափն է կիրառվելու՝ դրամաշնորհ թե սուբսիդիա: Այս հարցի պատասխանը հայտնի կլինի միայն ՀՀ կառավարության կողմից ոլորտին պետական ֆինանսավորման հատկացման կարգի սահմանումից հետո:
Հանրային քննարկումը տևելու է մինչև 2025 թ. մարտի 4-ը: Ոլորտին առընչվող բոլոր պետական փաստաթղթերի հետ կարող եք ծանոթանալ Լիկկայանի ենթաբաժին՝ ՊԵՏԱԿ-ում:









































