Ամերիկյան Netflix ընկերությունը հաջորդ ամսվա ընթացքում կնվազեցնի ֆիլմերի եւ սերիալների հեռարձակման որակը, ինչը թույլ կտա ցանցերը ազատել COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով բարձր ծանրաբեռնվածությունից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։
«Netflix-ը որոշել է նվազեցնել տվյալների փոխանցման արագությունը Եվրոպայում մեր բոլոր հոսքերում: Մեր գնահատականներով, դա Եվրոպական ցանցերում Netflix-ի տրաֆիկը կկրճատի մոտ 25 տոկոսով, ինչպես նաեւ որակյալ ծառայություն կապահովի մեր մասնակիցների համար», – ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Մարտի 19-ին ֆիլմերի եւ սերիալների հեռարձակումն անջատելու խնդրանքով Netflix-ին դիմել էր ներքին շուկայի հարցերով Եվրահանձնակատար Թիերի Բրետոնը: Իր Twitter-ում նա հայտնել է, որ բանակցություններ է վարել սթրիմինգային ծառայությունների եւ տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Բրետոնը նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիային հաղթելու համար բնակչությունը պետք է մնա տանը, ինչը կարող է ենթակառուցվածքի ծանրաբեռնվածություն առաջացնել:
«Բոլորի համար ինտերնետ հասանելիությունը պահպանելու համար եկեք անցնենք ստանդարտ թույլատվության, երբ HD-ի կարիք չկա», – նշել է Եվրահանձնակատարը: