Netflix սթրիմինգային հարթակը մշակում է ««Պայթյունավտանգ շիկահերը»» մարտաֆիլմի շարունակությունը: Սպասվում է, որ գլխավոր դերին կվերադառնա Շարլիզ Թերոնը:
Օրիգինալ ֆիլմը թողարկվել է 2017 թվականի օգոստոսին: Սյուժեի համաձայն, բրիտանական հետախուզության գործակալ Լորեյն Բրոտոնը մեկնում է Բեռլին, որպեսզի կարողանա ձեռք բերել գաղտնի փաստաթղթեր: Նա ստիպված է վտանգավոր լրտեսական խաղի մեջ մտնել, որպեսզի հաջողության հասնի եւ պարզապես գոյատեւի: Ֆիլմում նկարահանվել են նաև Ջեյմս Մակեվոյը, Ջոն Գուդմանը, Սոֆիա Բուտելան, Բիլ Սքարսգարդը և Էդդի Մարսանը:
Երկրորդ «Շիկահերը» դեռ սցենարիստ չունի: Հայտնի չէ, թե արդյոք առաջին մասի բեմադրիչ Դեվիդ Լիտչը կվերադառնա ռեժիսորի պաշտոնին, թե ոչ: 2019-ին նա պատմել է, որ նախագծի նկատմամբ հետաքրքրություն է զգում ինչ-որ սթրիմինգային ծառայություն, սակայն կոնկրետ իր մասնակցության մասին չի հիշատակել. «Ինձ ընդամենը վարձեցին որպես աշխատող: Ի վերջո, կինս եւ պրոդյուսեր Քելլի Մաքքորմիկը այս կամ այն կերպ ներգրավված կլինեն ֆիլմում: Կտեսնենք», – ամփոփել է Լիտչը:
30 մլն դոլարի բյուջեի դեպքում «Շիկահերը» համաշխարհային վարձույթում վաստակել է ավելի քան 100 մլն դոլար եւ ստացել քննադատների բարենպաստ արձագանքներ: Ֆիլմը հիմնված է 2012 թվականի «Ամենացուրտ քաղաքը» գրաֆիկական վեպի վրա: Պրոդյուսերներից մեկը նաեւ Շարլիզ Թերոնն է: