Շվեդ լուսանկարիչ Միքայել Սիլկեբորգը ֆիլմ կնկարահանի Նախչըվանի և Երևանի մասին, ավելի ճիշտ «Իրեվանի» մասին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report կայքը, այդ մասին Նախիջևանում այցով գտնվող ռեժիսորն ասել է Ինքնավար Հանրապետության մշակույթի փոխնախարար Հասան Սեիդովի հետ հանդիպմանը:
Զրույցի ընթացքում նրանք մտքեր փոխանակեցին կինոյի ոլորտում համագործակցության շուրջ։ Հյուրը նաև պատմեց, որ Շվեդիայում կկազմակերպվի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Ինքնավար Հանրապետությանը:
Ինչպես նշում է պարբերականը, շվեդ ռեժիսորն այցելել եւ լուսանկարներ է արել պատմական եւ մշակութային այնպիսի հուշարձանների, ինչպիսիք են «Երնջակաբերդ» պատմամշակութային թանգարանը, Հեյդար Ալիեւի թանգարանը, «Նախիջևանի խաների պալատ» պետական պատմաճարտարապետական թանգարանը, Մոմինե խաթունի դամբարանը և Նախիջևանի պետական պատկերասրահը:
Միքայել Սիլկեբերգը արդեն իսկ իր ներդրումն է ունեցել ադրբեջանական քարոզարշավում: Նրա սցենարով նկարահանվել է «Սարդակիր-Մեղվակիրի լեգենդը» (The Legend of Khari bulbul) վավերագրական ֆիլմը: Սարդակիր-Մեղվակիրը աճում է Լեռնային Ղարաբաղի տարածքում, հատկապես Շուշի քաղաքում: Ֆիլմը նկարահանվել էր Շվեդիայում Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ, Ադրբեջանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի և մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ֆիլմի ռեժիսոր Ռահիմ Սադիգբեյլին պատմել է նկարահանման գործընթացի մասին, որին մասնակցել է շվեդ ռեժիսորը, ով 2021 թվականին այցելել էր Շուշի, Վարանդա և Ակնա և լուսանկարներ արել:
Այսպիսով ադրբեջանական իշանությունները և Միքայել Սիլկեբորգը շարունակում են համագործակցությունը:
Միքայել Սիլկեբերգը ծնվել է Դանիայի Կոպենհագեն քաղաքում բնակվող շվեդների ընտանիքում, 11 տարեկան հասակում վերադարձել է Շվեդիա և ներկայումս ապրում է Ստոկհոլմում: 1984 թվականից աշխատում է որպես պրոֆեսիոնալ լուսանկարիչ: Նրա բազմաթիվ ճանապարհորդությունների արդյունքը դեպի Թուրքիա, Կարիբյան երկրներ, Միացյալ Նահանգներ, Կանադա, Արևելյան և Հարավային Աֆրիկա, Նեպալ, Հնդկաստան և մի քանի խոշոր քաղաքներ՝ Փարիզ, Նյու Յորք, Բեռլին, Արիզոնա, վերածվել են մի քանի տպավորիչ նկարների, որոնցից շատերն այսօր ցուցադրվում են նրա ցուցահանդեսներում: