Եվրոպական հնագույն կինոփառատոններից մեկը՝ Վենետիկը, կանցնի ավելի վաղ նշանակված ժամկետում եւ չի վերածվի օնլայն շոուի՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված անորոշության պատճառով: Այս մասին հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով կազմակերպիչներին։
«Վենետիկի կինոփառատոնը չի կարող փոխարինվել առցանց միջոցառմամբ: Ակնհայտ է, որ կա հավանականություն, որ մենք կօգտագործենք որոշակի տեխնոլոգիաներ միայն որոշ նախաձեռնությունների համար», – մեկնաբանել է կինոփառատոնի ներկայացուցիչը: Նշենք, որ այս գրառման հրապարակման պահին Իտալիան խիստ մեկուսացման մեջ է գտնվում՝ կորոնավիրուսից զոհվել են ավելի քան 17 հազար մարդ: Իտալիան երրորդ ամենաշատ տուժած երկիրն է: Սակայն պահպանվել է հույսը, որ կիրառվող միջոցների շնորհիվ ճգնաժամը կհաջողվի հաղթահարել արդեն ամռանը:
Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ չեղյալ էր հայտարարվել մեկ այլ հայտնի կինոփառատոն՝ Կաննի կինոփառատոնը: Նրա կազմակերպիչները վկայակոչել են կորոնավիրուսի վտանգը եւ խոստացել են միջոցառումն անցկացնել հենց հանգամանքները թույլ տան, նշելով հունիս-հուլիս ամիսները:
Նոր հիվանդությունը եւ կարանտինային միջոցառումները լուրջ ճշգրտումներ են մտցրել ոչ միայն կինեմատոգրաֆի հետ կապված բոլոր տեսակի միջոցառումների ժամանակացույցում, այլեւ բազմաթիվ ֆիլմերի եւ սերիալների նկարահանման եւ թողարկման գրաֆիկների մեջ: Ստուդիաները ստիպված են եղել փոփոխություններ կատարել իրենց ծրագրերում: