Հայաստանի կինոյի հիմնադրամի անկախ խորհրդական Արմեն Խաչատրյանը նոյեմբերի 5-ին Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանի ժողովուրդներ» կինոֆորումի շրջանակում անցկացված միջազգային կլոր սեղանին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը և Ռոսկինոն։
Գորկու անվան կինոստուդիայում կայացած «Միջազգային կինոերկխոսություն․ ընդհանուր մշակութային տարածքի ստեղծման մեխանիզմները» խորագրով քննարկմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի և Սերբիայի կինոոլորտի ներկայացուցիչներ։ Քննարկման հիմնական թեմաներն էին համատեղ կինոարտադրությունը, միջազգային համագործակցության ֆինանսական մեխանիզմները և ազգային կինոյի առաջմղումը։
«Ժամանակն է բազմաթիվ մշակութային երկխոսություններից անցնել անմիջապես գործի և արտադրության, ստեղծել լաբորատորիաներ և փոխանակել փորձը»,— հայտարարել է Ղազախստանի կինոգործիչների լիգայի նախագահ Այդար Բատալովը՝ առաջարկելով զարգացնել տարածաշրջանային կինոհամագործակցության համակարգված մեխանիզմներ։


Քննարկման ընթացքում «Գազպրոմ-Մեդիա Հոլդինգի» միջազգային հարաբերությունների զարգացման դեպարտամենտի տնօրեն Դարյա Բոգդանովան հայտնել է, որ Հայաստանի կինոյի հիմնադրամը ներկայացված է RUTUBE հարթակում, որտեղ 2026 թվականին տեղադրվել է շուրջ 40 հայկական ֆիլմ։ Մասնակիցները քննարկել են նաև համատեղ նկարահանումների ենթակառուցվածքները, օտարերկրյա արտադրողների համար նախատեսված ֆինանսական խթաններն ու կինոշուկաների համագործակցությունը։
Արմեն Խաչատրյանը Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի խորհրդականի կարգավիճակով ընդգրկված էր նաև 2025 թվականի հուլիսին ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբում, որը քննարկում էր «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները և ոլորտի կարգավորումների բարեփոխումները։ Մոսկովյան միջոցառման կազմակերպիչները նրան ներկայացրել են որպես Հիմնադրամի անկախ խորհրդական։
Հատկանշական է, որ Հայաստանի կինոյի հիմնադրամի պաշտոնական կայքում մինչ օրս հրապարակված չէ կառույցի աշխատակազմի ամբողջական կազմը, իսկ «Կառուցվածք» բաժինը հասանելի չէ։ «ԿինոՊրես»-ը դեռևս օգոստոսին անդրադարձել էր Հիմնադրամի կազմակերպական կառուցվածքի և կադրային քաղաքականության թափանցիկության խնդրին։ Այս պայմաններում պարզ չէ նաև, թե ինչ իրավական հիմքով է Արմեն Խաչատրյանը զբաղեցնում խորհրդականի պաշտոնը, ինչ մրցույթի արդյունքով է հենց նա ընտրվել, ինչ է ենթադրում նրա «անկախ խորհրդականի» կարգավիճակը և ինչ լիազորություններով է նա ներկայացնում Հիմնադրամը միջազգային միջոցառումներում։
«Ռուսաստանի ժողովուրդներ» կինոֆորումը անցկացվում է նոյեմբերի 2–8-ը՝ համանուն միջազգային շաբաթվա շրջանակում։ Միջոցառման կազմակերպմանը մասնակցում են Ռուսաստանի մշակույթի նախարարությունը, ՌՈՍԿԻՆՈ-ն և կինոարդյունաբերության այլ կառույցներ։















