Հինգշաբթի՝ 2026 թվականի հոկտեմբերի 8-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում հավանություն է տրվել Եվրոպայի խորհրդի «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը։ Կառավարության որոշմամբ նախատեսվում է կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը։
Կոնվենցիայի վերջնական տեքստը հաստատվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2025 թվականի նոյեմբերին։ Փաստաթուղթը ստորագրման համար բացվել է 2026 թվականի մարտի 26-ին՝ Ֆրանսիայի Լիլ քաղաքում անցկացվող Series Mania միջազգային փառատոնի շրջանակում։ Այն հայտնի է նաև որպես Լիլի կոնվենցիա (CETS No. 230)։
Կոնվենցիան առաջին միջազգային իրավական փաստաթուղթն է, որը հատուկ կարգավորում է հեռուստատեսության և առցանց հոսքային հարթակների համար նախատեսված սերիալների անկախ համատեղ արտադրությունը։ Այն ստեղծվել է տարբեր երկրների արտադրողների համագործակցության համար միասնական իրավական պայմաններ սահմանելու, միջազգային համատեղ արտադրությունները խթանելու և անկախ արտադրողների իրավունքները պաշտպանելու նպատակով։
Փաստաթուղթը տարածվում է սցենարային հիմքով ստեղծվող խաղարկային, վավերագրական և անիմացիոն սերիալների վրա՝ անկախ դրվագների տևողությունից։ Այն սահմանում է համատեղ արտադրության ֆինանսական և ստեղծագործական մասնակցության, հեղինակային ու գույքային իրավունքների բաշխման, նախագծերի պաշտոնական ճանաչման և պետական աջակցության հասանելիության ընդհանուր պայմանները։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ երկու երկրների մասնակցությամբ համատեղ արտադրությունում յուրաքանչյուր երկրի արտադրողների ֆինանսական ներդրումը պետք է կազմի ընդհանուր բյուջեի առնվազն 10 և առավելագույնը 90 տոկոսը։ Երեք և ավելի երկրների մասնակցությամբ նախագծերի դեպքում սահմանվում են համապատասխանաբար 5 և 80 տոկոս շեմեր։
Փաստաթղթի 7-րդ հոդվածը կարգավորում է համատեղ արտադրողների գույքային իրավունքները։ Յուրաքանչյուր անկախ համատեղ արտադրող պետք է ունենա ստեղծագործության նկատմամբ իրավունքների սեփականության մասնաբաժին, ինչպես նաև դրա օգտագործումից ստացվող եկամուտների համապատասխան բաժին։ Իրավունքների բաշխման ժամանակ հաշվի են առնվում արտադրողների ֆինանսական ներդրումներն ու ստեղծագործական և տեխնիկական ծախսերը։ Կոնվենցիան նաև արգելում է սերիալի օգտագործման իրավունքների անժամկետ լիցենզավորումը՝ անկախ արտադրողների համար պահպանելով դրանց հետագա տնտեսական արժեքից օգտվելու հնարավորությունը։
Սահմանվում են նաև սերիալների համատեղ արտադրության պաշտոնական կարգավիճակի ճանաչման չափանիշները։ Խաղարկային սերիալները պետք է հավաքեն առնվազն 24 միավոր՝ հնարավոր 31-ից, անիմացիոնները՝ 26 միավոր՝ 40-ից, իսկ վավերագրականները՝ կիրառելի միավորների առնվազն 50 տոկոսը։ Գնահատվում է ստեղծագործական խմբի, դերասանների, արտադրական և հետարտադրական աշխատանքների մասնակցությունը կոնվենցիայի անդամ երկրներից։ Իրավասու մարմինները կարող են որոշ դեպքերում համաձայնեցնել ավելի ցածր միավորներով նախագծերի ճանաչումը։ Պաշտոնական կարգավիճակը տրամադրվում է յուրաքանչյուր եթերաշրջանի համար առանձին։
Կոնվենցիայի 9-րդ հոդվածով նախատեսվում է, որ համատեղ արտադրությանը մասնակցող հեռարձակողներն ու մեդիածառայություններ մատուցողները պետք է համատեղ արտադրողներին տրամադրեն սերիալի դիտումների և օգտագործման վերաբերյալ տվյալներ։
Փաստաթղթի առանցքային դրույթներից մեկը վերաբերում է պետական աջակցությանը։ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնական համատեղ արտադրության կարգավիճակ ստացած սերիալները կարող են օգտվել մասնակից պետություններում ազգային ստեղծագործությունների համար նախատեսված ֆինանսական առավելություններից։ Աջակցությունը տրամադրվում է համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված պայմաններով և սահմանաչափերով։
Հայաստանի դեպքում կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել փոփոխություններ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում։ ՀՀ արդարադատության նախարարությունը նախագծի վերաբերյալ ներկայացրած եզրակացությունում նշել է, որ հայկական օրենսդրությամբ սահմանված չեն սերիալների պաշտոնական համատեղ արտադրության ճանաչման, համապատասխան հայտերի ներկայացման և անկախ արտադրողների կարգավիճակի որոշման համարժեք կարգավորումներ։
Գործող «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը կարգավորում է ֆիլմերի արտադրության, տարածման, ցուցադրման և պետական աջակցության հետ կապված հարաբերությունները։ Օրենքով նախատեսված են միջազգային համատեղ ֆիլմարտադրության ճանաչման և աջակցության մեխանիզմներ, սակայն սերիալների համատեղ արտադրության համար կոնվենցիայով սահմանված առանձին ընթացակարգերը ներառված չեն։
Փոփոխությունները կարող են վերաբերել ոչ միայն նոր իրավական հասկացությունների սահմանմանը, այլև սերիալների միջազգային համատեղ արտադրության կարգավիճակի ճանաչմանը, արտադրողների իրավունքներին, իրավասու մարմինների գործառույթներին և պետական աջակցության տրամադրման պայմաններին։
Կոնվենցիայի հնարավոր ֆինանսական հետևանքներին անդրադարձել է նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Նախագծի վերաբերյալ ներկայացված եզրակացությունում նախարարությունը նշել է, որ փաստաթուղթը պարունակում է Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ, որոնք կարող են հանգեցնել պետական բյուջեի ծախսերի ավելացման։ Մասնավորապես, նախարարությունը հղում է կատարել կոնվենցիայի 6-րդ, 7-րդ և 20-րդ հոդվածներին։
Նշված հոդվածները վերաբերում են համատեղ արտադրողների ֆինանսական ներդրումների համամասնություններին, ստեղծագործությունների նկատմամբ նրանց գույքային իրավունքներին և պետությունների՝ նվազագույն ֆինանսական մասնակցության այլ շեմ սահմանելու հնարավորությանը։ Դրանք ուղղակիորեն չեն սահմանում սերիալների արտադրության պետական ֆինանսավորման չափեր։ Նախարարության եզրակացությունում հնարավոր լրացուցիչ ծախսերի հաշվարկ կամ կոնկրետ գումար նշված չէ։
Միաժամանակ, կոնվենցիայի 4-րդ հոդվածով նախատեսված պետական աջակցության հասանելիությունը կարող է ֆինանսական հետևանքներ ունենալ Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեության համար՝ սերիալների համատեղ արտադրության ֆինանսավորումը գործող պետական աջակցության համակարգում ներառելու դեպքում։
2026 թվականին Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսավորման մրցույթներն անցկացվում են ՀՀ պետական բյուջեի «1056. Կինեմատոգրաֆիայի ծրագիր» ծրագրի «11001. Կինոնկարների արտադրություն» միջոցառման շրջանակում։ Մրցութային ֆինանսավորման ընդհանուր բյուջեն կազմում է 272.7 միլիոն դրամ, որից շուրջ 177.3 միլիոն դրամը նախատեսված է լիամետրաժ, իսկ 95.45 միլիոն դրամը՝ կարճամետրաժ կինոնախագծերի համար։ Մրցույթները կազմակերպվում են խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի անվանակարգերում՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի հուլիսի 1-ի թիվ 32-Ն հրամանով հաստատված կանոնակարգի։
Եթե միջազգային համատեղ արտադրության կարգավիճակ ստացած սերիալների ֆինանսավորումն իրականացվի Կինոյի հիմնադրամի գործող բյուջեի շրջանակում՝ առանց հատկացումների ավելացման, ապա նույն միջոցները պետք է բաշխվեն նաև սերիալային նախագծերի միջև։ Այդ դեպքում կարող է նվազել առանձին ֆիլմերի արտադրությանը տրամադրվող պետական աջակցության չափը կամ ֆինանսավորում ստացող կինոնախագծերի թիվը։
Մյուս տարբերակը պետական ֆինանսավորման ծավալների ավելացումն է կամ սերիալների համատեղ արտադրության համար առանձին բյուջետային ծրագրի նախատեսումը։ Դա հնարավորություն կտա պահպանել կինոարտադրության ֆինանսավորման գործող ծավալները և միաժամանակ ընդլայնել պետական աջակցությունը սերիալների արտադրության նկատմամբ։ Կառավարության ներկայացրած փաստաթղթերում դեռևս հստակեցված չէ, թե որ ֆինանսական մեխանիզմով կարող է իրականացվել այդ աջակցությունը։
Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած հիմնավորման՝ կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա ընդլայնել հայաստանյան արտադրողների մասնակցությունը միջազգային նախագծերին, զարգացնել հայկական սերիալների արտադրությունն ու տարածումը միջազգային շուկաներում, ինչպես նաև խորացնել համագործակցությունը Եվրոպայի խորհրդի անդամ և այլ գործընկեր երկրների հետ։ Նախարարությունը կարևորել է նաև նոր տեխնոլոգիաների, արտադրական կառավարման մեխանիզմների ներդրումը և երիտասարդ մասնագետների ներգրավումը միջազգային համատեղ արտադրություններում։
2026 թվականի հոկտեմբերի դրությամբ կոնվենցիան ստորագրել է 12 պետություն՝ Ֆրանսիան, Վրաստանը, Հունաստանը, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Չեռնոգորիան, Լեհաստանը, Լեհաստանը, Պորտուգալիան, Մոլդովան, Միացյալ Թագավորությունը և Ուկրաինան։ Ուկրաինան փաստաթղթին միացել է ստորագրությամբ սեպտեմբերի 19-ին՝ դառնալով 12-րդ ստորագրող պետությունը։
Կոնվենցիան դեռևս ուժի մեջ չի մտել։ Դրա համար անհրաժեշտ է առնվազն երեք պետության համաձայնություն՝ փաստաթղթով սահմանված կարգով, որոնցից առնվազն երկուսը պետք է լինեն Եվրոպայի խորհրդի անդամ։ Հայաստանի կառավարության հոկտեմբերի 8-ի որոշումը վերաբերում է կոնվենցիայի ստորագրմանը հավանություն տալուն։ ՀՀ արդարադատության նախարարության եզրակացության համաձայն՝ փաստաթուղթը ենթակա է նաև վավերացման։
















