«Ֆորսաժ» ֆրանշիզայի գլխավոր աստղերից մեկը՝ Վին Դիզելը Ինստագրամի իր էջում տեղադրել է լուսանկար Փոլ Ուոքերի եղբոր՝ Քոդիի հետ: Դիզելը նշել է, որ միշտ ուրախ է Քոդիի հայտնվելու համար եւ դրանով իսկ լուր է տարածել այն մասին, որ Ուոքերի հերոս Բրայան Օ’Քոնորը կարող է կրկին հայտնվել ֆիլմերի շարքում:
«Երբ Քոդին հայտնվում է նկարահանման հրապարակում, ինչ-որ յուրահատուկ բան է տեղի ունենում: Պաբլոն կարող է հպարտանալ նրանով: Դա միշտ ճշմարիտ սիրո դրսեւորում է:»
Փոլ Ուոքերը մահացել է 2013 թվականի նոյեմբերի 30-ին ավտովթարից: Այդ պահին դերասանը նկարահանվում էր «Ֆորսաժի» յոթերորդ մասում: Նրա եղբայրները Քոդին եւ Կալեբը հրավիրվել էին որպես դուբլյոր: Գրեթե բոլոր տեսարաններում Փոլի փոխարեն Քոդին է խաղացել. ընդհանուր պլաններում նա եղել է առանց հատուկ դիմահարդարման, իսկ խոշոր պլանները ստեղծվել են համակարգչային գրաֆիկայի օգտագործմամբ:
Այժմ հայտարարվել է »Ֆորսաժի» երկու շարունակությունների մասին, որոնք վարձույթ դուրս կգան 2020 եւ 2021 թվականներին: Երկու ֆիլմերի ռեժիսորը Ջասթին Լինն է: Սցենարը գրում է Դեն Քեյսին: Բացի Դիզելից, ֆիլմերում հաստատ կխաղան Միշել Ռոդրիգեսը, Ջորդանա Բրյուսթերն ու Ջոն Սինան:
Հիշեցնենք, որ իններորդ «Ֆորսաժի» նկարահանումները մեկնարկել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում օգոստոսի 19-ին: