Արտավազդ Փելեշյանի կինոն այս աշնանը լայնորեն կներկայացվի ԱՄՆ-ում։ Նյու Յորքի 64-րդ միջազգային կինոփառատոնի (NYFF) Revivals բաժինը երկու ծրագրով կներկայացնի ռեժիսորի վերականգնված ֆիլմերի գրեթե ամբողջական հետահայաց ցուցադրությունը։ Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 12-ը։
Առաջին ծրագրում ընդգրկվել են «Լեռնային պարեկներ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Մենք» (1969) և «Տարվա եղանակները» (1975), իսկ երկրորդում՝ «Սկիզբը» (1967), «Մեր դարը» (1982), «Վերջը» (1992) և «Կյանքը» (1993)։ Վերականգնված պատճենների մեծ մասը Նյու Յորքում կունենա իր ամերիկյան կամ հյուսիսամերիկյան պրեմիերան։ «Վերջը» ֆիլմը ներառվել է նաև փառատոնի Currents ծրագրում։
Ֆիլմերի վերականգնման նախագիծը նախաձեռնել է Coproduction Office-ը՝ Cineteca di Bologna-ի հետ համագործակցությամբ և Փելեշյանի վերահսկողությամբ։ Ֆիլմերի ընտրված սկզբնաղբյուրները 4K ձևաչափով սկանավորվել են Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, իսկ վերականգնումն ու գունային շտկումն իրականացվել են L’Immagine Ritrovata լաբորատորիայում։ Նախագիծն իրականացվել է նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի, Հանրային հեռուստաընկերության և ՎԳԻԿ-ի մասնակցությամբ։
Փելեշյանի վերականգնված ֆիլմերի մի մասը այս տարվա մայիսին արդեն ներկայացվել էր Cannes Classics ծրագրում։ Նյու Յորքի ցուցադրությունները վերականգնված ժառանգության միջազգային նոր փուլն են՝ այս անգամ ընդգրկելով ռեժիսորի ստեղծագործական ճանապարհի ավելի քան երեք տասնամյակը։































