2025 թվականի «Ոսկե ծիրան» 22-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները / My Armenian Phantoms» ֆիլմի հայաստանյան ցուցադրությունը։ Ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացել էր Բեռլինի կինոփառատոնում, ռեժիսորի ամենաանձնական աշխատանքներից է․ ընտանեկան արխիվի, հոր՝ դերասան և բեմադրիչ Վիգեն Ստեփանյանի հիշողության և հայ-սովետական կինոյի հետ երկխոսության միջոցով այն խոսում է անձնական ու կոլեկտիվ հիշողության մասին։
Ցուցադրությանը հաջորդած հանդիպման ընթացքում Ստեփանյանը պատմեց ֆիլմի մեծածավալ արխիվային աշխատանքի մասին։ Նրա խոսքով՝ երբ սկսում ես նման աշխատանք, պետք է այն հասցնես մինչև վերջ, հատկապես երբ նայում ես ֆիլմերը և հասկանում, որ դրանք իսկապես «մարգարիտներ» են, որոնք պետք է մաքրել, պահպանել և ներկայացնել նոր հանդիսատեսին։ Ռեժիսորը նշեց, որ հայկական կինոն ունեցել է հիանալի հեղինակներ և հիանալի ֆիլմեր, որոնք արժանի են կրկին տեսանելի դառնալու։
Կադրերի ընտրությունը, ըստ Ստեփանյանի, ոչ միայն պատմական կամ կինոգիտական, այլև զգայական ընթացք էր։ Նա հիշում էր, թե ինչպես է նույն ֆիլմերը դիտել երիտասարդ տարիքում և ինչպես է դրանք վերադիտել արդեն հասուն տարիքում։ Որոշ պատկերներ իր մեջ գրեթե նույն հուզական արձագանքն էին առաջացնում, և ռեժիսորը թույլ է տվել, որ այդ պատկերներն իրեն տանեն իրենց հետևից։ Միայն հետո այդ զգայական ընթացքին ավելացել է ավելի ինտելեկտուալ շերտը։
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև ֆիլմի պրոդյուսեր Սելին Լուազոյի դերի մասին։ Նա նշեց, որ նախագծին միանալու պատճառներից մեկն այն էր, որ ճանաչում և սիրում էր Թամարա Ստեփանյանի կինոն, իսկ մյուսը՝ հայկական կինոյի մասին գրեթե ոչինչ չգիտեր և բաց էր այն ճանաչելու համար։ Սելին Լուազոն նաև կարևոր դեր է ունեցել ֆիլմի կառուցվածքի ձևավորման մեջ․ սկզբում Ստեփանյանը մտածում էր ավելի էսսեիստական ֆիլմի մասին, սակայն պրոդյուսերը նրան դրդել է անձնական պատմությունը դարձնել ամբողջ պատումի առանցքներից մեկը։
Արդյունքում «Իմ հայկական ուրվականները» դարձավ ոչ միայն հայկական կինոյի պատմության հետ հանդիպում, այլև շատ անձնական հրաժեշտի, շարունակվող երկխոսության և հիշողության ֆիլմ։ Այդ ցուցադրությունից հետո «ԿինոՊրես»-ը զրուցեց Թամարա Ստեփանյանի հետ՝ ֆիլմի ստեղծման, արխիվների, հայկական կինոյի մեծերի, կին ռեժիսորների ներկայության, Հայաստանի վավերագրողների գիլդիայի, «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների և նրա նոր՝ «Արտոյի երկիրը / In the Land of Arto» խաղարկային ֆիլմի մասին։
— Ձեր նախորդ ֆիլմերը հաճախ անդրադառնում են իրական մարդկանց ճակատագրերին։ Իսկ «Իմ հայկական ուրվականները» ֆիլմում կարծես փորձել եք փոխանցել և՛ հայկական կինոյի հոգևոր աշխարհը, և՛ Ձեր անձնական աշխարհը։ Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել այս ֆիլմը։
— Իմ ֆիլմերը, իմ կարծիքով, բոլորը շատ անձնական են, բայց սա երևի ամենաանձնականն է։ Չորս տարի առաջ, երբ մահացավ հայրս՝ Վիգեն Ստեփանյանը՝ դերասան, թատրոնի բեմադրիչ, շատ տարօրինակ ձևով ընդհատվեց մեր երկխոսությունը։
Ես սկսեցի նայել նրա լուսանկարները, այն ֆիլմերը, որտեղ ինքը խաղացել է, սկսեցի նայել նաև մեր տան արխիվները, որտեղ ես ու պապան պարում ենք, ծիծաղում ենք, կատակներ ենք անում։ Եվ որքան շատ էի նայում այդ նյութերը, այնքան ավելի էի մտնում ու խորանում հայկական կինոյի մեջ՝ հայ-սովետական ժամանակաշրջանի ֆիլմերի մեջ։
Կարծես պապան ձեռքս բռնեց և ասաց՝ գնանք, այս ճանապարհորդությունը միասին անենք։ Իմ կարծիքով՝ կինոն, ընդհանրապես արվեստը, այն տեղն է, որտեղ կարելի է հավերժացնել մի միտք, մի երկխոսություն։ Իմ ցանկությունն էր շարունակել հորս հետ այդ երկխոսությունը։
Երբ մեկին կորցնում ես շատ արագ և անսպասելիորեն, դա ցավ է, որը երկար չես կարողանում հասկանալ։ Ես այդ սգի ընթացքը որոշեցի անցնել ֆիլմի միջոցով՝ շարունակել այդ դիալոգը, ինչ-որ տեղ ավարտել սուգը, թեև այն երբեք ամբողջությամբ չի ավարտվում։

Այսպես մտա հայկական, հայ-սովետական կինո՝ այն ֆիլմերի մեջ, որոնք ստեղծվել են 1924-ից մինչև 1990 թվականները։ Հասկացա, որ մենք ունենք շատ ուժեղ մարգարիտներ, և պետք էր այդ մարգարիտները հանել, մաքրել, գեղեցկացնել 35 մմ ժապավեններից և ցույց տալ աշխարհին։
Լինելով դրսում ապրող հայ կինոռեժիսոր՝ դա ինձ համար ինչ-որ առումով նաև պատասխանատվություն էր։ Մենք հիանալի կինեմատոգրաֆիա ենք ունեցել։ Շատ անգամ լսում եմ՝ «դե դա սովետական էր»։ Ո՛չ, դա միայն սովետական կինո չէր։ Մեր հայ ռեժիսորները նույնիսկ ստալինյան ռեպրեսիաների ժամանակ կարողացել են շատ խելացի և նուրբ ձևով պահպանել հայությունը։
— Ֆիլմում կան շատ հետաքրքիր կադրեր մեր պատմությունից, որոնք գրեթե չեն ցուցադրվել։ Օրինակ՝ Ստալինի արձանի բացումը, որտեղ, եթե ճիշտ եմ հիշում, պատկերված էր նաև Ձեր տատիկը։ Ինչպե՞ս եք աշխատել այդ արխիվային նյութերի հետ։ Ի՞նչ դժվարություններ կային։
— Դա բավականին հետաքրքիր և տարօրինակ պատմություն է։ Երբ արդեն միտքը ունեի գտնել Ստալինի արձանի բացման կադրերը, շատ փնտրեցի։ Գնացի Ազգային արխիվ, գնացի տարբեր տեղեր։ Գտնում էի շատ վատ որակի նյութեր, նույնիսկ HD որակ էլ չէր։ Վերջում ինձ ասացին՝ փորձիր Կրասնոգորսկում (Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի ռուսական պետական արխիվ — խմբ.)։
Մորաքույրս ապրում է Մոսկվայում, ես նրան ուղարկեցի Կրասնոգորսկ։ Այնտեղ երկար փնտրտուքներից հետո կարողացան գտնել այդ նյութը։ Հետո նա շատ տարօրինակ ձևով կարողացավ ինտերնետով Մոսկվայից Փարիզ ուղարկել այդ կադրերը։ Դա բավականին սթրեսային ընթացք էր։
Մեզ մոտ, իհարկե, պահպանված արխիվներ կան, կան լավ որակով նյութեր, կան պոզիտիվներ, նեգատիվներ, բայց դա մեծ աշխատանք էր։ Ինձ շատ են օգնել Կարինա Սիմոնյանը, Օֆելյա Ազիզյանը, Ավագ Հարությունյանը։ Հ1-ում այդ ամենը թվայնացրեցինք։ Այդ ամբողջ աշխատանքը մի քանի հոգով ենք արել․ գտնել 35 մմ ժապավենները, վերանայել, մաքրել, լվանալ, գունային կորեկցիա անել։ Շատ հետաքրքիր, բայց նաև շատ մեծ աշխատանք էր։
— Որպես մասնագիտական լրատվամիջոց՝ մեզ հետաքրքիր է նաև ֆիլմի դիստրիբյուցիոն կարգավիճակը։ Ֆիլմը արդեն ներկայացվե՞լ է դիստրիբյուտորներին։
— Ֆիլմի պրեմիերան կայացել է այս տարվա փետրվարին՝ Բեռլինի կինոփառատոնում։ Ֆիլմն ունի շատ հայտնի sales agent, այսինքն՝ ոչ թե դիստրիբյուտոր, այլ վաճառքի գործակալ, որը ֆիլմը ներկայացնում է աշխարհին։
Հետաքրքրություն կա շատ փառատոններից։ Բեռլինից հետո ֆիլմը արդեն մասնակցել է մոտ 20 կինոփառատոնի։ Մինչ այստեղ գալը ես այն ներկայացնում էի Ֆրանսիայում, հետո պետք է լինեն Մեքսիկա, Ավստրալիա, Կորեա, Բելգիա և այլ երկրներ։ Ֆիլմը բավականին հետաքրքիր ճանապարհ է անցել և շարունակում է անցնել։
Իմ կարծիքով՝ հետաքրքրություն կա և՛ հայկական կինոյի հանդեպ, և՛ այն ձևի հանդեպ, որով անձնական պատմությունից մտնում ենք ավելի կոլեկտիվ և պատմական պատմության մեջ։ Անձնականը, կոլեկտիվը և պատմականը ֆիլմում անընդհատ հյուսվում են իրար հետ։ Դա ֆիլմի ամենամեծ աշխատանքներից էր՝ թե՛ մոնտաժային, թե՛ սցենարական իմաստով։
Ֆիլմը ARTE France-ի հետ է։ Մինչև հոկտեմբեր այն ցուցադրվելու է հիմնականում փառատոններում, իսկ հոկտեմբերից կամ նոյեմբերից սկսած՝ հեռուստատեսությամբ և ինտերնետային հարթակով։ Կարծում եմ՝ շուտով պարզ կլինի նաև՝ կունենա՞ արդյոք կինովարձույթ, թե ոչ։
— Ֆիլմում հիշատակվում են հայկական կինոյի մեծերը՝ Համո Բեկնազարյան, Ֆրունզե Դովլաթյան և ուրիշներ։ Ինչպե՞ս կբնութագրեք այդ մարդկանց։
— Նրանք շատ տաղանդավոր, զգայուն և շատ հայ կինոռեժիսորներ էին։ Ես իսկապես հիանում եմ նրանցով և մեծ հարգանք ունեմ նրանց հանդեպ, որովհետև այդ իրավիճակում կինո ստեղծելը շատ դժվար էր։
Ես ոչ միայն նայել եմ այդ բոլոր ֆիլմերը, այլև կարդացել եմ արխիվային նյութերը։ Արխիվում կան պանակներ, օրինակ՝ «Նահապետ» ֆիլմի մասին։ Բացում ես և տեսնում՝ ինչքան են քննադատել այդ մարդկանց, ինչքան են ճնշել, ինչքան են ցանկացել կտրել, հանել, փոխել։ Բայց այդ ամենի միջից նրանք կարողացել են դուրս գալ և ստեղծել կինո։ Դրա համար ես նրանցից շնորհակալ եմ ու հիանում եմ նրանց արվեստագետի ուժով։ Պետք է շատ ստեղծագործող լինես, որ կարողանաս նման դժվարություններից դուրս գալ և լավ կինո անել։
— Այսօր փիթչինգի ժամանակ նկատեցի, որ Դուք շատ հետաքրքիր ձևով էիք շփվում մասնակիցների հետ։ Կարծես ռեժիսորություն էիք անում ամբողջ մոդերացիայի ընթացքը։ Դուք դիտարկո՞ւմ էիք դա որպես նկարահանման հրապարակ։
— Ես ինքս շատ եմ մասնակցել փիթչինգների և միշտ զգացել եմ, որ այդ միջավայրում մոդերատորները հաճախ շատ սառն են վերաբերվում նախագծերին։ Մենք՝ ռեժիսորներս, շատ անգամ դողալով ենք բարձրանում բեմ և խոսում մեր նախագծերի մասին։
Երբ Նարեն՝ Նարե-Լեոնե Տեր-Գաբրիելյանը («Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի GAIFF Pro ինդուստրիալ հարթակի ղեկավար — խմբ.), առաջարկեց, որ ես լինեմ մոդերատոր, ես ասացի՝ կյանքում չեմ եղել, բայց կփորձեմ։ Իմ առաջին միտքն այն էր, որ ռեժիսորները իրենց լավ զգան։ Ռեժիսորը այնքան ժամանակ է անցկացնում իր նախագծի, իր ֆիլմի հետ, այնքան դժվարություններով է անցնում, իր կյանքն է տալիս, որպեսզի կարողանա այդ ֆիլմը անել։ Եվ երբ գալիս է սառը մոդերատորն ու միայն ասում՝ «արագացրեք, ժամանակը վերջանում է», դա ինչ-որ բան կտրում է ռեժիսորի մեջ։
Ես ուզում էի ամեն ինչ անել, որ չկտրեմ այդ զգացումը։ Ուզում էի ցույց տալ, որ ես իրենց կողքին եմ, իրենց հետ եմ, և նրանք չպետք է վախենան։ Ռեժիսորները շատ հեշտ կարող են կոտրվել։ Մեզ այնքան քիչ բան է պետք, որ կոտրվենք։ Ես ուզում էի, որ նրանք չկոտրվեն։ Չգիտեմ՝ ստացվեց, թե ոչ, բայց հետո մոտեցան, շնորհակալություն հայտնեցին։ Երևի ստացվեց։

— Ձեր աշխատանքները միշտ ունեն կանացի նրբություն, բայց նաև ամրություն։ Այսօր Հայաստանում կին ռեժիսորները բավականին ակտիվ են։ Դուք նշում էիք, որ նախկինում դրա հնարավորությունը գրեթե չկար։ Բայց հետաքրքիր է Ռոզա Ֆրանգուլյանի նախադեպը․ ինչո՞ւ նա հիշատակված չէր ֆիլմում։
— Շատ հետաքրքիր հարց է։ Ինձ համար Ռոզա Ֆրանգուլյանը ավելի շատ վավերագրական կինոյի ռեժիսոր է։ Նա այն ուժեղ կանանցից էր, որը կարողացավ տղամարդկանց միջավայրում ինչ-որ բան անել։ Բայց եթե նկատել եք, ֆիլմում ես օգտագործել եմ միայն խաղարկային ֆիլմեր, վավերագրական ֆիլմեր չեմ օգտագործել։ Եթե խոսեի վավերագրության մասին, իհարկե կխոսեի Ռոզա Ֆրանգուլյանի մասին։
Այստեղ ես խոսում էի խաղարկային կինոռեժիսուրայի մասին։ Խաղարկային կինոյում կին ռեժիսոր գրեթե չկար և չէր կարող լինել, որովհետև տղամարդիկ ուղղակի իրենց տեղը չէին տա։ Բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր է մտածել մոնտաժողների մասին։ Ինձ համար մոնտաժողը ռեժիսորի ալտեր էգո-ն է, և այնտեղ շատ կանայք կային։
Իսկ Սովետից հետո, երբ արդեն եկավ անկախությունը, իմ կարծիքով առաջին ուժեղ կին ռեժիսորներից մեկը Մարիա Սահակյանն էր։ Ինձ համար Մաշան հեղափոխական կերպար էր։
— Ի՞նչ դեր ունեցավ Մարիա Սահակյանը Ձեզ համար։
— Հիշում եմ՝ մենք Թբիլիսիում էինք։ Ես կարճամետրաժ ֆիլմ էի նկարել՝ «Փետրվարի 19», իսկ Մաշան իր վերջին ֆիլմով էր եկել՝ «Ալավերդի» («Այդ ես չեմ» — խմբ.)։ Միասին նախաճաշում էինք, և ես նրան հարցրի՝ ո՞նց ես կարողանում։ Նա ընդամենը մի քանի տարով էր ինձանից մեծ, բայց արդեն նկարում էր, ընտանիք ուներ, երեխաներ ուներ։
Ես այն ժամանակ դեռ երեխա չունեի, ընտանիք չունեի, բայց արդեն զգում էի՝ ինչ դժվար է կին լինել և Հայաստանում ֆիլմ անել։ Մաշան ասաց․ «Եթե մենք չանենք՝ ես, դու, մյուսը, բա ո՞վ անի»։ Այդ օրը նա ինձ շատ մեծ ուժ տվեց։ Ինձ ցույց տվեց, որ դա հնարավոր է։ Նա կարծես այդ ուժը վերցրեց և փոխանցեց ինձ՝ ասելով՝ գնա, արա, երբեք չվախենաս, ես քո կողքին եմ։
Մենք այդպես էլ առաջ գնացինք՝ ձեռք ձեռքի։ Նա ավելի շատ խաղարկային կինոյի մեջ, ես՝ վավերագրության։ Շատ տխուր է, որ նա մեզ այդպես շուտ լքեց։ Եթե լիներ, դեռ այնքան բան ուներ անելու, այնքան պատմություններ ուներ պատմելու։ Նա շատ տաղանդավոր կին էր և հիանալի մայր։
— Ֆիլմում երևում է, որ Դուք մեծացել եք արվեստագետների միջավայրում։ Կադրերի ընտրությունն էլ կարծես ոչ թե հայտնի տեսարանների, այլ հոգին նկարագրող կադրերի ընտրություն լինի։ Ի սկզբանե Դուք կարծես մտածում էիք կինոէսսե անել, բայց հետո Ձեր պրոդյուսերը առաջարկել է այն ավելի անձնական դարձնել։
— Ավելի ճիշտ՝ ոչ թե առաջարկեց, այլ երբ Սելին Լուազոն առաջին անգամ կարդաց սցենարը, ասաց․ «Ութերորդ էջում դու խոսում ես քո պապայի մասին, ինձ համար սա ամենահետաքրքիր կետն է։ Արի սա տանենք առաջին էջ»։
Ինձ համար դա շատ մեծ ներքին կռիվ էր։ Երբ ամեն ինչ այդքան անձնական է, և պապան նոր է մահացել, դու վախենում ես։ Մտածում ես՝ արդյո՞ք ինչ-որ մեկին կհետաքրքրի իմ պապան։ Ես հասկանում էի, որ Հայաստանի պատմությունը, հայկական կինոյի պատմությունը կարող են հետաքրքրել օտար հանդիսատեսին, բայց վստահ չէի՝ իմ անձնական պատմությունը կհետաքրքրի՞։
Կարծում եմ՝ այդ կասկածը գալիս էր նրանից, որ հորս մահը դեռ շատ թարմ էր։ Սելինն ինձ օգնեց այդ տրավման, այդ մահը, պապայի հետ երկխոսությունը բերել ֆիլմի առաջին պլան։ Երբ երեխա ես ունենում, կա մարդ, որը օգնում է, որ երեխան ծնվի։ Նա ինձ համար այդպիսի դեր ունեցավ․ օգնեց, որ ֆիլմը ծնվի։
— Վերջերս Դուք դարձել եք Հայաստանի վավերագրողների գիլդիայի նախագահ։ Սա շատ պատասխանատու քայլ է, հատկապես հիմա, երբ քննարկվում են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունները։ Ի՞նչ կարող է բերել այս փուլը։
— Մինչ օրենքի մասին խոսելը՝ ուզում եմ շարունակել կին ռեժիսորների թեման։ Այսօր կանայք շատ ակտիվ են վավերագրության մեջ, անիմացիայի մեջ, մի փոքր ավելի քիչ՝ խաղարկային կինոյում։ Եվ դա շատ հետաքրքիր ու հաճելի է, որովհետև այն ժամանակ այնքան քիչ էինք, իսկ հիմա այնքան շատ են կին հեղինակները։
Մեզ այնքան են կանգնեցրել, որ հիմա արդեն ոչ ոք մեզ չի կարող կանգնեցնել։ Մաշայի և իմ միտքն այն էր, որ մենք պետք է այնքան առաջ գնանք, այնքան երկաթյա դռներ կոտրենք, որ այսօրվա սերունդը հանգիստ կարողանա իր կինոն անել։ Ես ուրախ եմ, որ կարողացել եմ իմ փոքր լուման ունենալ այդ պրոցեսում։
Ինչ վերաբերում է վավերագրողների գիլդիային՝ ես շատ լավ հասկանում եմ, որ մեծ պատասխանատվություն եմ վերցրել։ Բայց նաև ուրախ էի, երբ առաջարկեցին, որովհետև դա պետք էր անել։ Այսօր Հայաստանում վավերագրական կինոն շատ մեծ վերելք է ապրում, և աբսուրդ է, որ չունենք առանձին վավերագրողների գիլդիա։
Ես Ֆրանսիայում էլ վավերագրական գիլդիայի մաս եմ կազմում։ Երբ գնում եմ տարբեր երկրներ, ինչ-որ ձևով ներկայացնում եմ Հայաստանը, այսինքն՝ այդ գործը արդեն անում էի։ Հիմա պետք է ուղղակի պաշտոնականացնել։ Պետք է կանոնակարգ գրել, հասկանալ՝ ինչպես ենք աշխատում, ստեղծել խորհուրդ, և այդ համակարգը պետք է պտտվի․ երկու տարի հետո ես չլինեմ, լինի ուրիշը։ Ես չեմ ուզում գալ ու նստել նախագահի աթոռին։ Պետք է լինի շարժում։
Իսկ կինոյի օրենքի փոփոխությունների մասով՝ իմ կարծիքով սա շատ տխուր և մեծ խնդիր է։ Եթե մենք հիմա չկանգնենք և չպաշտպանենք մեր շահերը, շատ վատ կլինի հայ կինոյի վիճակը՝ թե՛ Հայաստանում, թե՛ դրսում։ Եթե առաջարկվող տարբերակը առաջ տանեն, հայ կինոն կարող է շատ լուրջ վնասվել։
— Այսինքն՝ գործող օրենքը ավելի բավարա՞ր է, քան այն փոփոխությունը, որը հիմա առաջարկվում է։
— Իհարկե։ Առաջարկվող տարբերակով այն նույն ֆոնդը (Հայաստանի կինոյի հիմնադրամը — խմբ.), որը տալիս է ֆինանսավորում, դառնում է նաև ֆիլմի մաս, այսինքն՝ իրավունք է ունենում ֆիլմի նկատմամբ։ Դա ոչ մի տեղ չկա։ Մենք հիմա Սելինի հետ ուսումնասիրում ենք նաև ֆրանսիական փորձը՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է դա բացատրել, որովհետև սա կարող է ուղղակի տանուլ տալ կինոն, կործանել այն։
Դրա համար մենք պետք է պայքարենք։ Մեր գիլդիայով և ընդհանրապես բոլոր գիլդիաներով պատրաստ ենք մեր ձայնը լսելի դարձնել և հասնել ընդհանուր հայտարարի, որը լավ կլինի հայ կինոյի համար։ Հայ կինոն հիմա վերածնունդ է ապրում։ Պետք է շարունակել, ոչ թե տապալել։
— Կարելի՞ է ասել, որ առաջարկվող ձևաչափը որոշ չափով խորհրդային մոդել է հիշեցնում։
— Այո, և դա կարող է տանել անդունդ։ Մենք պայքարելու ենք այնքան, որքան պետք է։ Բայց ես չեմ ուզում պատերազմ սկսել։ Պետք է բանակցել, նստել, խոսել, հասկանալ և հասնել լավ ընդհանուր հայտարարի՝ հանուն հայ կինոյի։ Հակառակ դեպքում ո՞վ կուզենա մեզ հետ համատեղ արտադրություն անել։ Ոչ ոք։

— Վերջում խոսենք Ձեր նոր ֆիլմի մասին։ Ձեր վերջին խաղարկային ֆիլմը՝ «Արտոյի երկիրը / In the Land of Arto», ընտրվել էր Լոկառնոյի կինոփառատոնում և որպես բացման ֆիլմ ցուցադրվելու էր Piazza Grande-ում։ Դա նույնպես, կարծում եմ, մեծ պատասխանատվություն է։ Ինչպե՞ս է նկարահանվել ֆիլմը։
— «Արտոյի երկիրը» ֆիլմի վրա ես աշխատում եմ արդեն ավելի քան տասը տարի։ Սցենարական աշխատանքները շատ երկար տևեցին։ Հետո կանգ առանք, որովհետև ֆինանսավորում չէինք գտնում, հետո նորից սկսեցինք։
Նկարահանումները տեղի են ունեցել 2024 թվականին Հայաստանում։ Հենց այս օրերին, երբ հիմա խոսում ենք (զրույցը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսին — խմբ.), ես անցյալ տարի նկարահանում էի․ կարծեմ այդ ժամանակ արդեն Իջևանում էի։ Ինձ համար դա ամենահետաքրքիր պրոցեսներից մեկն էր։
Ֆիլմը ֆրանս-հայկական համատեղ արտադրություն է։ Հայաստանի կողմից հիանալի աշխատանք է տարվել․ ֆիլմում աշխատել է ավելի քան 50 հայ կինոգործիչ՝ տեխնիկական կազմից մինչև ստեղծագործական խումբ։ Ֆրանսիայից նույնպես խումբ կար՝ դերասաններ, օպերատոր, ձայնային խումբ։ Դեկորները, գրիմը և մի շարք այլ բաժիններ Հայաստանից էին։
Ինձ համար սա հպարտություն է ոչ թե իմ անձի, այլ հայ կինոյի համար։ Ես, իհարկե, ուրախ եմ նաև ինձ համար, բայց այդ էգոն ինձ այլևս չի հետաքրքրում։ Ես սիրում եմ կոլեկտիվ պատմություններ։ Մենք հիմա մի պրոցեսի մեջ ենք․ այսօր ես եմ, վաղը կլինի մեկ ուրիշը, հետո՝ ևս մեկը։ Կարևորն այն է, որ մենք իրար փոխանցենք այդ ուժը և օգնենք մեկս մյուսին։ Եթե ամեն մեկը նստի իր էգոյի մեջ, ոչ մի տեղ չենք հասնելու։
— Ո՞ր դերասաններն են ներգրավված ֆիլմում։
— Ֆիլմում կան ֆրանսիացի, իրանցի և հայ դերասաններ։ Հայ դերասաններից են Շանթ Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, ինչպես նաև Գյումրիի և Երևանի թատրոնների դերասաններ։ Բոլոր հայ դերասանների հետ աշխատանքը հիանալի էր։
Ֆիլմում նկարահանվել են նաև Կամիլ Կոտենը, Զար Ամիր Էբրահիմին, Հովնաթան Ավետիքյանը և Դենի Լավանը։ Սա իսկական համատեղ արտադրության վիճակ էր։
Դերասանների հետ աշխատանքը շատ հետաքրքիր էր։ Նրանք բոլորը շատ պրոֆեսիոնալ էին։ Իրենք շատ ավելի շատ ֆիլմերում են նկարահանվել, քան ես եմ նկարել․ սա իմ առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմն է, իսկ իրենց համար գուցե 30-րդ կամ 40-րդ ֆիլմն էր։ Ես շատ բան եմ սովորել նրանցից։
Ամեն ինչ շատ անմիջական և միասնական էր։ Չկար՝ դու ֆրանսիացի ես, դու հայ ես, մեկը մյուսից լավն է։ Մենք երկու ամիս միասին ապրեցինք, աշխատեցինք, լաց եղանք, ծիծաղեցինք։ Կարծում եմ՝ հենց դա է կինոյի կախարդանքը։
Երբ ես փոքր ժամանակ խաղացի Էդգար Բաղդասարյանի ֆիլմում, յոթ-ութ տարեկան էի։ Այնտեղ առաջին անգամ զգացի cinema-ի magic-ը՝ կինոյի կախարդանքը։ Այդ ժամանակից կարծես ներսս մի բան մտավ, և ես մտածում էի՝ արդյո՞ք մի օր ինքս կկարողանամ հայտնվել այդ կախարդական իրավիճակում և փոխանցել այն ուրիշներին։
«Արտոյի երկիրը»՝ Լոկառնոյից դեպի հայկական հանդիսատես
Հետագայում «Արտոյի երկիրը / In the Land of Arto» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացավ Լոկառնոյի 78-րդ միջազգային կինոփառատոնում․ ֆիլմը բացեց Piazza Grande-ի ծրագիրը և ներկայացվեց հազարավոր հանդիսատեսի առաջ։ Թամարա Ստեփանյանը դեռ «Ոսկե ծիրանի» ընթացքում նշում էր, որ Լոկառնոյի նման հարթակում հայկական կինոյի ներկայությունը իր համար նախևառաջ ոչ թե անձնական, այլ հայկական կինոյի ձեռքբերում է։
Ռեժիսորի խոսքով՝ «Արտոյի երկիրը» շատ տարբեր է «Իմ հայկական ուրվականները» ֆիլմից․ սա նրա առաջին խաղարկային լիամետրաժ աշխատանքն է։ Սակայն երկու ֆիլմերի միջև կան ներքին կապեր՝ տրավմայի, նոստալգիայի, Հայաստանից հեռանալու և անհնար վերադարձի թեմաները։ «Իմ հայկական ուրվականները» վերադառնում է հայկական կինոյի ու ընտանեկան հիշողության արխիվներին, իսկ «Արտոյի երկիրը» այդ վերադարձի անհնարինությունն ու ցավը տեղափոխում է խաղարկային կինոյի տարածք։
Ֆիլմը, որը ֆրանս-հայկական համատեղ արտադրություն է, նկարահանվել է Հայաստանում՝ հայ և ֆրանսիացի կինոգործիչների մասնակցությամբ։ Ստեփանյանը շեշտում էր, որ այս աշխատանքը իր համար կարևոր է նաև որպես կոլեկտիվ փորձառություն․ ոչ միայն իր ֆիլմը, այլև մի գործընթաց, որտեղ հայկական կինոն կարող է ներկայանալ միջազգային հարթակներում և շարունակել իր ներկայությունը նոր ուժով։
Կինոփառատոնային ճանապարհից հետո նախատեսվում է, որ «Արտոյի երկիրը» կհանդիպի նաև հայաստանյան հանդիսատեսին։ Հանդիպման ընթացքում հնչեց, որ ֆիլմը պետք է ներկայացվի 2026 թվականի «Ոսկե ծիրան» 23-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Եթե 2025-ին «Ոսկե ծիրանը» դարձավ «Իմ հայկական ուրվականները» ֆիլմի հետ երևանյան հանդիպման հարթակը, ապա «Արտոյի երկիրը» Հայաստան է գալիս Լոկառնոյի միջազգային պրեմիերայից հետո՝ որպես Թամարա Ստեփանյանի առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմ և որպես հայ-ֆրանսիական կինոհամագործակցության կարևոր արդյունք։
Հարցազրույցը՝ Սերգեյ Հովսեփյանի։































