Հայաստանի ամենահարավային քաղաքներից մեկում՝ Մեղրիում, կինո գնալը վաղուց դադարել է սովորական երեկոյան զբաղմունք լինելուց։ Այստեղ ապրող ընտանիքը, որը ցանկանում է նոր ֆիլմ դիտել մեծ էկրանին, նախ պետք է ընտրի ոչ թե ֆիլմը, այլ ճանապարհը։ Մոտակա գործող կինոդահլիճը Քաջարանում է՝ Մեղրիից մոտ 46 կիլոմետր հեռավորության վրա։ Մինչև Կապանի կինոթատրոն ճանապարհը շուրջ 73 կիլոմետր է։ Լեռնային ճանապարհով ուղևորությունը պետք է ծրագրել երկու ուղղությամբ, իսկ երեկոյան սեանս ընտրելիս՝ նախապես մտածել նաև տուն վերադառնալու մասին։ Եթե կինոթատրոն է գնում չորս հոգանոց ընտանիքը, չորս տոմսի արժեքին գումարվում է ճանապարհածախսը։ Այդ գումարն այլևս պարզապես ֆիլմի գինը չէ։
Մեղրիի աշխարհագրական դիրքը հատկապես տեսանելի է դարձնում այն, ինչ ավելի կարճ ճանապարհով կարող է զգալ նաև այլ մարզային քաղաքի բնակիչը։ Այն, ինչ Երևանում կարող է տեղավորվել աշխատանքային օրվա ավարտի և տուն վերադառնալու միջև, այստեղ վերածվում է առանձին ուղևորության։ Ընտանեկան բյուջեում կինոյի համար նախատեսված ծախսը մրցում է ամենօրյա պարտադիր վճարումների հետ։ Ձմռանը, երբ առաջնային են ջեռուցումը, գազը, էլեկտրաէներգիան ու սնունդը, մեկ այլ քաղաքում անցկացվելիք երեկոյի համար լրացուցիչ գումար հատկացնելը հեշտ ընտրություն չէ։ Հնարավոր է նաև պարզապես ֆիլմը տանը դիտել, սակայն դա արդեն ուրիշ փորձառություն է. քաղաքում չի առաջանում այն ընդհանուր հանդիպման վայրը, որն ունենում է կանոնավոր գործող կինոթատրոնը։
Մինչդեռ Մեղրին միշտ չէ, որ ստիպված է եղել կինոյի համար ճանապարհ ընկնել։ Հայկական խորհրդային հանրագիտարանի տվյալներով՝ 1987 թվականին քաղաքում գործում էին երկու կինոթատրոն, մեկ մշակույթի պալատ, երկու ակումբ և յոթ գրադարան։ Կինոթատրոն կար նաև հարևան Ագարակում։ Հարավային այս փոքր տարածքում կինոդիտումը քաղաքային ծառայություն էր, ոչ թե ուղևորության նպատակ։ Քաղաքի մշակութային կյանքի համար կարևոր էր ոչ միայն սեանսը, այլև այն, որ մարդիկ տեղում էին հանդիպում, սպասում հերթական ֆիլմին, երեխաներին առաջին անգամ տանում մութ դահլիճ։
Այդ համակարգի հետագա փոփոխությունն արտացոլված է պետական փաստաթղթերում։ 1996 թվականին կառավարությունը որոշել է «Մեղրու կինոցանց» պետական ձեռնարկությունը վերակազմավորել բաց բաժնետիրական ընկերության՝ 21,06 միլիոն դրամ նախնական կանոնադրական հիմնադրամով։ Հետագայում նախկին կինոթատրոնի շենքը փոխել է նշանակությունը։ 2010 թվականին Մեղրու քաղաքապետարանը դատարան է դիմել «Մեղրու կինոթատրոն» ընկերությունից գույքահարկի պարտքը բռնագանձելու պահանջով։ 2004 թվականից կուտակված հարկն ու տույժերը կազմել էին 720 հազար 508 դրամ, և դատարանը բավարարել էր հայցը։ Այդ գործը հաստատում է ընկերության գույքային պարտավորությունների պատմությունը, բայց ինքնին չի պարզում սեփականատերերի ամբողջ հաջորդականությունը։

2020 թվականին քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 1 հասցեում բացվել է ACBA բանկի մասնաճյուղը։ Բանկի պաշտոնական հաղորդագրություններում այդ հասցեն մինչ օրս հիշատակվում է որպես «կինոթատրոնի շենք»։ Հասցեն պահպանել է իր տեղը քաղաքային առօրյայում. մարդիկ այնտեղ շարունակում են գնալ, բայց արդեն ֆինանսական ծառայություն ստանալու համար։ Նախկին գործառույթի անունն ապրում է հասցեի մեջ, մինչդեռ ֆիլմերը տեղափոխվել են տասնյակ կիլոմետրեր հեռու։
2026 թվականի սեպտեմբերի 18–20-ը Մեղրին երեք օրով կրկին կինոյի քաղաք դարձավ։ «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակում այստեղ անցկացվեց Համագործակցության երկրների կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը՝ յոթ երկրների 30 խաղարկային ֆիլմով։ Ցուցադրությունները, հանդիպումներն ու մասնագիտական քննարկումներն անցկացվեցին քաղաքում գործող մշակութային և երիտասարդական տարածքներում։ Մեղրեցիները հնարավորություն ունեցան իրենց քաղաքում հանդիպելու կինոգործիչների, դիտելու ֆիլմեր և մասնակցելու քննարկումների։ Սակայն փառատոնի երեք օրը մշտական կինովարձույթի խաղացանկ չի ստեղծել. հերթական նոր ֆիլմը դիտելու համար բնակիչը շարունակում է հաշվել դեպի Քաջարան կամ Կապան տանող ճանապարհը։
Կինոթատրոնը միայն էկրան և նստատեղեր չէ։ Դա տնտեսություն է, աշխատատեղ, իսկ ավելի կարևոր է, որ դա քաղաքի մշակութային քարտեզի որոշակի կետ է՝ նույնքան ճանաչելի, որքան հրապարակը, այգին կամ գրադարանը։ Երբ կինոթատրոն կա, ֆիլմի ցուցադրությունն ունի հասցե, ժամ, սպասվող հաջորդ սեանս։ Դրա շուրջ կարող են աշխատել տոմսավաճառը, կինոմեխանիկը, սպասարկողը, հարևան սրճարանը։ Մարդիկ հանդիպում են մինչև ցուցադրությունը և չեն շտապում հեռանալ դրա ավարտից անմիջապես հետո։ Երբ այդ հաստատությունը փակվում է, քաղաքը կորցնում է ոչ միայն մշակութային ծառայության մեկ տեսակ, այլև այն առօրյա պատճառներից մեկը, որի համար բնակիչները դուրս են գալիս տանից և ժամանակ անցկացնում սեփական քաղաքում։
Հայաստանում կինոթատրոնային քարտեզը վերջին երեքուկես տասնամյակում կտրուկ փոխվել է։ «ԿինոՊրեսի» գործող կինոթատրոնների տեղեկատուի տվյալներով՝ 2026 թվականի հոկտեմբերի դրությամբ մարզերում կանոնավոր առևտրային կինովարձույթ իրականացնող ինը կինոթատրոն գտնվում են յոթ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Հրազդանում, Մարտունիում, Կապանում և Քաջարանում։ Գյումրին և Վանաձորը երկուական կինոթատրոն ունեն, իսկ մյուս հինգ քաղաքները՝ մեկական։ Այս հաշվարկը չի ներառում դպրոցների, մշակույթի տների, փառատոնների և համայնքային ծրագրերի առանձին ցուցադրությունները, որոնք կարող են կարևոր իրադարձություն լինել, բայց չեն տալիս ֆիլմն ու սեանսի ժամը շաբաթվա ցանկացած օր ընտրելու նույն հնարավորությունը։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետ կինեմատոգրաֆիայի հանդեպ պետական քաղաքականությունը կտրուկ փոփոխվեց, կինոն մղվեց հետին պլան: Քարտեզի այս կրճատումը մեկ որոշման հետևանք չէր։ Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման իրավական հիմքերը ձևավորվել էին անկախության առաջին տարիներին։ 1992 թվականի հուլիսի 29-ին ընդունված օրենքը սահմանեց պետական ձեռնարկությունների սեփականության վերափոխման կարգավորումները, իսկ 1993 թվականի հունվարի 16-ին ընդունվեց 1993–1994 թվականների առաջին պետական ծրագիրը։ Պետական գույքի կառավարման կոմիտեի պատմական տեղեկանքում հենց այդ ժամանակաշրջանն է ներկայացվում որպես պետականից մասնավոր սեփականության անցման առաջին փուլ։ Հետագա՝ 1994 և 1995 թվականների ծրագրերին հաջորդեցին արդեն կոնկրետ կինոցանցերն ու կինոթատրոնները վերակազմավորելու որոշումները։
1996 թվականին կառավարության որոշումները վերաբերում էին Վանաձորի, Արմավիրի, Մեղրիի, Մասիսի, Արտաշատի, Իջևանի, Եղեգնաձորի, Թալինի և այլ վայրերի կինոհաստատություններին։ 1997 թվականին դրանց հաջորդեցին Գորիսի, Ջերմուկի, Սևանի, Արարատի, Մարտունու, Ալավերդու, Դիլիջանի, Սիսիանի ու Վայքի կինոցանցերի վերաբերյալ որոշումները։ Կինոթատրոնները հաճախ սեփականաշնորհման էին ներկայացվում ոչ թե որպես առանձին շինություններ, այլ որպես պետական ձեռնարկություններ կամ դրանցից առանձնացվող գույքային համալիրներ։ Գույքի գնահատված արժեքները և ստեղծվող ընկերությունների կանոնադրական հիմնադրամները դեռ չեն նշանակում, որ շենքերը հենց այդ գումարներով են վաճառվել. գործարքների գները, ժամանակները և վերջնական արդյունքները պետք է դիտարկել առանձին։

2001 թվականի հուլիսի 27-ի օրենքը շարունակել է արդեն սկսված գործընթացը։ Դրա ցանկերում կրկին հայտնվել են Արթիկի, Ամասիայի, Վանաձորի, Տաշիրի, Կապանի, Հրազդանի, Դիլիջանի, Իջևանի, Մարտունու, Սևանի, Աշոցքի, Նոյեմբերյանի, Սպիտակի, Վայքի և բազմաթիվ այլ բնակավայրերի կինոցանցերն ու կինոթատրոնները։ Որոշ անուններ կրկնվում են 1990-ականների որոշումներում և 2001 թվականի ծրագրում, իսկ իրական առուվաճառքի պայմանագրերը երբեմն կնքվել են տարիներ անց։ Այդ պատճառով կինոթատրոնների կորուստը հնարավոր չէ թվագրել միայն 2001 թվականով կամ բոլոր հիշատակումները գումարել որպես առանձին վաճառքներ։
Առավել արտահայտիչն այն է, որ այդ փոփոխությունների հետևանքները պետական մարմիններն արձանագրել էին գրեթե գործընթացի կեսին։ 2002 թվականի հուլիսի 4-ի կառավարության թիվ 27 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ կինոարվեստի պահպանման, տարածման և զարգացման հայեցակարգային հիմնադրույթներում նշվում էր կինոցանցի տեխնոլոգիական վիճակի վատթարացման, հանդիսատեսի հետաքրքրության նվազման և կինովարձույթի համակարգի քայքայման մասին։ «ԿինոՊրեսը» նախկինում հրապարակել է փաստաթղթի համապատասխան հատվածը։ Պետությունը փաստագրել էր, որ ստեղծված պայմաններում կինոթատրոններն առևտրի սրահների կամ տոնավաճառների վերածելը տնտեսապես ավելի շահավետ էր դարձել, և արձանագրել էր կինոցանցի կառուցվածքային համակարգի փլուզումը։
Դա 2002 թվականին արված գնահատական էր, ոչ թե հետագա իրադարձությունների մասին տարիներ անց ձևակերպված մեկնաբանություն։ Պետությունը գիտեր, որ երբեմնի ցուցադրական ցանցը կորցնում է և՛ տեխնիկան, և՛ հանդիսատեսին, և՛ իր կազմակերպական կապերը։ Միաժամանակ սեփականաշնորհման պայմանագրերում շարունակվում էին հայտնվել շենքերը վերանորոգելու, ներդրումներ կատարելու և որոշակի տարիներ կինոթատրոնի գործունեությունը պահպանելու պարտավորություններ։ Հետագա պատմությունները ցույց են տալիս, թե ինչ տարբեր ճակատագրեր ունեցան այդ պարտավորությունները և դրանց հետևում կանգնած քաղաքները։
Սյունիքում Մեղրիի և Կապանի հարևանությունը հատկապես հետաքրքիր հակադրություն է ստեղծում։ Երկու քաղաքներում էլ ժամանակին գործել են պետական կինոցանցեր, բայց 2026 թվականին մեղրեցին ֆիլմ դիտելու համար ճանապարհ է ընկնում, իսկ կապանցին կարող է սեանս ընտրել՝ քաղաքից դուրս չգալով։ Կապանի նախկին «Սյունիք» կինոթատրոնի շենքը 2000-ականներին հարմարեցվել է թատերական գործունեությանը և տրամադրվել Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնին։ Քաղաքը պահպանել է մշակութային նշանակության տարածքը, բայց կինոյի փոխարեն այդ շենքում տեղ է գտել բեմական արվեստը։ Կանոնավոր կինոցուցադրությունները վերադարձել են ավելի ուշ՝ այլ կազմակերպական ձևով։
2018 թվականի մարտի 22-ին Կապանում բացվեց S’Unique Cinema-ն՝ «Սյունիք» կինոթատրոնը։ Համայնքապետարանի հաղորդագրության համաձայն՝ նախաձեռնությունը համայնքի ղեկավարությանն էր, կինոթատրոնը գործելու էր «Կապան» բարեգործական հիմնադրամի շրջանակում, իսկ տեխնիկական վերազինման գործում մասնակցել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հայտարարվել էին հայկական և արտասահմանյան ֆիլմերի ցուցադրություններ, պրեմիերաներ ու հանդիպումներ։ Այստեղ կարևորն այն է, որ քաղաքը նոր կինոդահլիճ է ստացել համայնքի և տեղի կազմակերպությունների համագործակցությամբ։ Հարևան Քաջարանում Kajaran Cinema-ն գործում է մշակույթի պալատի շենքում, այսինքն՝ մշտական ցուցադրությունների համար օգտագործվում է արդեն գոյություն ունեցող հանրային ենթակառուցվածքը։

Բայց Սյունիքը չի ավարտվում երկու քաղաքներով, որտեղ այսօր էկրան կա։ Գորիսում 1997 թվականի սեփականաշնորհման որոշումները վերաբերում էին «Զանգեզուր» կինոցանցին և դրանից առանձնացվող «Ավանգարդ» կինոթատրոնին, իսկ Սիսիանում պետական փաստաթղթերում հիշատակվում է «Որոտանը»։ Այդ անունները պահպանվել են որպես երբեմնի կինոցուցադրական աշխարհագրության վկայություններ։ Այսօր, սակայն, Գորիսն ու Սիսիանը չեն ընդգրկվում կանոնավոր առևտրային կինովարձույթով գործող կինոթատրոնների հաստատված ցանկում։ Թանգարանների, համերգասրահների կամ մշակույթի տների առկայությունը չի փոխարինում այն հնարավորությանը, երբ բնակիչն աշխատանքային օրն ավարտելուց հետո պարզապես տոմս է գնում նոր ֆիլմի համար։
Արարատյան դաշտում փոփոխություններն արտահայտվել են անգամ քաղաքների կենտրոնական տարածքների նշանակության մեջ։ Արմավիրում, որը խորհրդային շրջանում Հոկտեմբերյան էր կոչվում, Հայկական խորհրդային հանրագիտարանը հիշատակում էր երկու գործող կինոթատրոն։ 1996 թվականին կառավարությունը նախատեսել էր «Արմավիրի կինոցանցը» վերակազմավորել «Արարատ» բաց բաժնետիրական ընկերության և առանձին սեփականաշնորհել «Ամառային» կինոթատրոնը։ Գույքի նախնական գնահատականներով կազմված կանոնադրական հիմնադրամները համապատասխանաբար 54,09 և 14,525 միլիոն դրամ էին. դրանք չեն նշանակում շենքերի իրական վաճառքի գին։
Արմավիրի նախկին բացօթյա կինոդիտման վայրերից մեկը հետագայում ստացել է բոլորովին այլ հանրային գործառույթ։ «Հետքի» ուսումնասիրության համաձայն՝ ամառային կինոթատրոնի տեղում 2009 թվականին կառուցվել էր Սուրբ Սարգիս փոքրիկ մատուռը, իսկ հետո սկսվել էր Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու շինարարությունը։ Այն օծվել է 2014 թվականի մայիսի 31-ին։ Տարածքը շարունակում է հավաքել մարդկանց, բայց արդեն կրոնական կյանքի շուրջ։ Նոր նշանակությունը կարող է նույնքան կարևոր լինել համայնքի համար, սակայն քաղաքի կինոցուցադրական հասցեներից մեկն այդտեղ այլևս չկա։
2012 թվականի սեպտեմբերի 28-ին Արմավիրում մեկնարկեց «Կինոաշուն» ծրագիրը։ Բնակիչներին ցուցադրեցին «Պեպոն» և Սարդարապատի հուշահամալիրի ու Հայկական ատոմակայանի կառուցման մասին արխիվային կադրեր։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը խոսեց յուրաքանչյուր մարզում առնվազն մեկ կինոակումբ կամ փոքր կինոթատրոն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Նրան արձագանքելով՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրապարակայնորեն խոստացավ Արմավիրում կինոթատրոն բացել։ Տասնչորս տարի անց մարզկենտրոնը դեռ չի ընդգրկվում գործող մշտական առևտրային կինոթատրոնների ցանկում։ 2012 թվականի փառատոնային ցուցադրությունն ունեցել էր սկիզբ և ավարտ, իսկ քաղաքի առօրյայում ֆիլմ դիտելու խոստացված հնարավորությունը մշտական ծառայության չի վերածվել։

Հարևան Վաղարշապատում՝ պատմական Էջմիածնում, նախկին «Գարուն» կինոթատրոնը գտնվում էր կենտրոնական հրապարակին մոտ։ Խորհրդային մոդեռնիզմի ոճով կառուցված կամարավոր շենքն այդ հատվածի ճանաչելի ճարտարապետական պատկերներից էր։ Սեփականաշնորհումից հետո այն մի քանի անգամ փոխել է սեփականատերերին։ 2004 թվականին վաճառվել է 55 հազար դոլարով, 2018 թվականին՝ 4,9 միլիոն դրամով, իսկ 2023 թվականի փետրվարին «Ավա Գրանիտ» ընկերությունը շենքը ձեռք է բերել 160 միլիոն դրամով՝ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու նպատակով։ «Հետքի» հրապարակումների համաձայն՝ 2023 թվականի հանրային քննարկման ժամանակ բնակիչների մի մասն առարկել է նախագծի իրականացմանը։
Նույն տարվա նոյեմբերին «Հետքը» հաղորդել է, որ նախկին կինոթատրոնի զգալի մասն արդեն քանդված է, և հիմնականում պահպանվել են արտաքին կամարները։ Նոր համալիրի նախագծում նախատեսված էին նաև կինոցուցադրական տարածքներ։ Սակայն նախագծում նախատեսված դահլիճը դեռ գործող խաղացանկով կինոթատրոն չէ։ 2026 թվականին շենքի նախկին օտարման և հողամասի իրավական կարգավիճակի հանգամանքները դարձել են քրեական վարույթի առարկա։ Քաղաքի բնակիչներն այս փոփոխությունը տեսել էին դատավարությունից առաջ. կենտրոնի երբեմնի մշակութային շենքի տեղում կառուցապատման հրապարակ էր, իսկ տարածքի հիմնական գործառույթը վերաիմաստավորվել էր։

Արարատի մարզում 1990-ական թվականների պետական որոշումներում հիշատակվում են Արտաշատի «Ամառային» և «Դիմիտրով» կինոթատրոնները, Արարատի կինոցանցի առանձին օբյեկտները և Մասիսի կինոցանցը։ «Մասիս» անվանմամբ կինոթատրոնի հետագա գույքային փաստաթղթերում հիշատակվում է Վեդին։ Սրանք այն քաղաքներից են, որոնք ժամանակին ընդգրկված էին մարզային կինոցուցադրության տարածքային համակարգում, թեև ոչ բոլոր շենքերի ներկայիս նշանակությունն է ամբողջությամբ փաստագրված։ Արտաշատը, Մասիսը, Վեդին ու Արարատը ներկայում չեն ընդգրկվում այն ցանկում, որտեղ հաստատված են Կապանի կամ Գյումրու նման կանոնավոր կինովարձույթ իրականացնող կինոթատրոններ։ Այդ քաղաքներում հետազոտության թեման արդեն միայն սեփականաշնորհման պայմանագիրը չէ, այլ նաև այն հանրային հասցեի բացակայությունը, որի հետ կապվում էր հերթական ֆիլմի սեանսը։
Կոտայքի մարզում նախկին կինոհամակարգի ամենատեսանելի հիշեցումներից մեկը Չարենցավանն է։ Քաղաքի կենտրոնում կանգնած է 1966 թվականին բացված կինոթատրոնը, որն ունեցել է 600 նստատեղ։ Տասնամյակներ շարունակ այստեղ եկել են ընտանիքներով, դասընկերներով և ընկերներով։ Նախկին կինոմեխանիկ Վահան Աբաջանյանը, որը շուրջ քառասուն տարի աշխատել է այնտեղ, 17.am-ին պատմել էր, թե ինչպես էր փորձում նոր ֆիլմերը քաղաք հասցնել որքան հնարավոր է շուտ։ Կինոթատրոնի փակվելուց հետո նա պահպանել էր հին կինոժապավենները։ Մասնագիտական հիշողությունը մնացել է, իսկ աշխատանքային տեղն այլևս չկա։
2004 թվականին շենքը 7 միլիոն դրամով վաճառվել է Հայ առաքելական եկեղեցուն։ Հաջորդ երկու տասնամյակներում այնտեղ գործող կինոդահլիճ այդպես էլ չի ստեղծվել։ 2025 թվականին Կոտայքի թեմը հայտնել է շենքը երեխաների կրթամշակութային կենտրոնի վերածելու ծրագրի մասին՝ նշելով, որ վերանորոգումը երկար ժամանակ հետաձգվել է միջոցների բացակայության պատճառով։ 2026 թվականի հոկտեմբերին քաղաքային ավագանու խմբակցություններից մեկի ներկայացուցիչները հայտարարել են, որ ցանկանում են շենքը վերադարձնել համայնքին՝ քննարկելով նաև հետգնման տարբերակը։ Հրապարակման պահին վերադարձը տեղի չէր ունեցել։
Այս պատմության մեջ վեճը միայն սեփականատիրոջ և համայնքի միջև չէ։ Շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում և տասնամյակներով չի ծառայում այն նպատակին, որի համար բնակիչները ժամանակին գալիս էին դրա դռների մոտ։ Այն կարող է դառնալ մեկ այլ օգտակար հասարակական տարածք, սակայն կանոնավոր կինոդիտման հասանելիության հարցը դրանից առանձին է։ Չարենցավանում գործող առևտրային կինոթատրոն չի հաստատվում, և բնակիչը պետք է կողմնորոշվի դեպի Հրազդան, Աբովյան կամ Երևան՝ հաշվի առնելով կոնկրետ խաղացանկն ու փոխադրամիջոցները։
Հրազդանում երբեմնի պետական կինոցանցը ներառում էր «Հրազդան» և «Բարեկամություն» կինոթատրոնները։ Դրանց մասնավորեցման պայմանագրերով նախատեսվել էր սահմանված ժամկետով պահպանել կինոթատրոնային պրոֆիլը։ «Բարեկամության» համար շրջադարձային էր 2019 թվականի հունիսի 16-ի հրդեհը։ Փրկարար ծառայության տվյալներով՝ այրվել են մոտ 800 քմ փայտե առաստաղը, 600 քմ ներքին երեսպատումը և 40 քմ բեմահարթակը։ Տուժածներ չեն եղել։ Այս թվերը վկայում են խոշոր հրդեհի մասին, բայց հիմք չեն տալիս պնդելու, թե ամբողջ շենքը հիմնովին ոչնչացել է։
2020 և 2021 թվականների պետական հաշվետվություններում նշվել է, որ հրդեհի հետևանքով կինոթատրոնի գործունեության պրոֆիլի պահպանման պարտավորությունը չի կատարվում, և վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ 2022 թվականից սկսած նույն պարտավորությունը կրկին ներկայացվել է որպես կատարված։ Բայց իրավական հաշվետվության այդ նշումը չի հայտնում, թե տարվա ընթացքում քանի սեանս է անցկացվել, քանի հանդիսատես է այցելել և արդյոք բնակիչը կարողացել է ընտրել իրեն հետաքրքրող ֆիլմը։ Այսօր Հրազդանում գործում է նորաբաց «Հրազդան» կինոթատրոնը։ Քաղաքը կրկին կանոնավոր կինովարձույթի քարտեզի վրա է, մինչդեռ «Բարեկամության» պատմությունը շարունակում է հիշեցնել նախկին շենքի և սեփականաշնորհման պայմանների վերահսկողության մասին։
Հրազդանի կինոցանցին պատկանած Ծաղկաձորի նախկին կինոթատրոնի պատմությունը ցույց է տալիս ներդրումային խոստման և իրական գործող կինոդահլիճի միջև ընկած հեռավորությունը։ 2005 թվականին 618,53 քմ մակերեսով գույքը «Կինոթատրոն Մոսկվա» ընկերությանը վաճառվել է 10 հազար դոլարին համարժեք դրամով։ Գնորդը պարտավորվել էր կատարել առնվազն 200 հազար դոլարին համարժեք ներդրումներ և շինարարության ավարտից հետո առնվազն քսան տարի պահպանել կինոթատրոնի պրոֆիլը։ Աշխատանքներն ավարտված չէին սահմանված ժամկետում, պայմանները փոխվել էին, իսկ 2017 թվականին դատարանը պարտավորեցրել էր 24 ամսում ավարտել շինարարությունը։
Հետագայում գույքը վաճառվել է այլ ընկերության։ 2023 թվականին Պետական գույքի կառավարման կոմիտեն պահանջել էր լուծել պայմանագիրը և գույքը վերադարձնել պետությանը։ Սակայն 2025 թվականի փետրվարի 13-ին հայցը մերժվել է հայցային վաղեմության հիմքով, վերաքննիչ դատարանը վճիռը թողել է անփոփոխ, իսկ 2026 թվականի մայիսի 6-ին Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքը վարույթ ընդունելը։ Արդյունքում Ծաղկաձորը ունենալու է Ծաղկաձոր Պլազա բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր Ծաղկաձորի կենտրոնում:
Ծաղկաձորը, ուր ժամանում են հանգստացողներ Հայաստանից և արտերկրից, այսօր հաստատված կանոնավոր առևտրային կինոթատրոն չունի։ Հյուրանոցային ժամանցային ծրագիրը կարող է ֆիլմի առանձին ցուցադրություն առաջարկել, բայց մշտական բնակչի համար դրանից չի ձևավորվում քաղաքի սեփական կինովարձույթի խաղացանկը։
Գեղարքունիքի մարզի Մարտունիում նախկին կինոթատրոնի շուրջ հարցն առաջացել էր դեռ այն ժամանակ, երբ շենքի օտարման պայմանագիրը չէր կնքվել։ 2005 թվականի դեկտեմբերի 2-ին քաղաքապետը, ավագանու անդամների անունից և բնակիչների խնդրանքով, դիմել էր վարչապետին՝ առաջարկելով «Մուշ» կինոթատրոնի շենքը փոխանցել համայնքին։ Դիմումը կապված էր քաղաքի մշակութային կյանքը և երիտասարդների ժամանցը կազմակերպելու անհրաժեշտության հետ։ Մարտունիում բնակիչների համար կինոթատրոնը դիտարկվում էր որպես համայնքային ծառայություն, ոչ միայն որպես վաճառքի ենթակա գույք։

2006 թվականի օգոստոսի 14-ին շենքն, այնուամենայնիվ, վաճառվել է մասնավոր անձի։ 1218 քմ մակերեսով շենքի, ենթակայանի և 0,272 հա հողամասի օտարման ընդհանուր գինը կազմել է 4 միլիոն 572 հազար դրամ, մինչդեռ շենքի գույքահարկի հաշվարկման համար որոշված կադաստրային արժեքը եղել է շուրջ 33,25 միլիոն դրամ։ Այդ երկու թվերը հաշվարկման տարբեր հիմքեր ունեն, սակայն գործարքի հանգամանքները հետագայում դարձել են դատական ստուգման առարկա։ 2025 թվականին Գլխավոր դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը, 2026 թվականի հունիսի 1-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է հայցը, իսկ հուլիսին վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։ Ուստի դատական գործընթացը չի կարելի ներկայացնել որպես գույքի արդեն վերջնական վերադարձ։
Այդ ընթացքում Մարտունիում բացվել է այլ՝ շատ ավելի փոքր կինոդահլիճ։ GoCinema-ն ունի 42 նստատեղ, առցանց ամրագրման հնարավորություն, կազմակերպում է նաև փակ դիտումներ և մասնավոր միջոցառումներ։ Նախկին մեծ դահլիճի փոխարեն քաղաքում գործում է փոքր կինոթատրոն, որի աշխատանքը պետք է տեղավորվի բնակավայրի իրական պահանջարկի մեջ։ 42 տեղը սահմանափակում է մեկ սեանսից հնարավոր հասույթը, բայց նաև թույլ է տալիս փոքր տարածքով կազմակերպել ցուցադրությունը։ Նման մոդելի համար կարևոր են խաղացանկի հաճախականությունը, ֆիլմերի վարձույթի պայմանները և այն, թե որքան հաճախ են բնակիչները պատրաստ վճարել տոմսի համար։
Մարտունիից ոչ շատ հեռու Գավառում այսօր գործում է Rada Star-ը։ Սակայն մարզի մյուս քաղաքներում նախկին դահլիճների պատմությունը բոլորովին այլ ընթացք է ունեցել։ Ճամբարակում 2012 թվականին 1193,4 քմ մակերեսով նախկին կինոթատրոնը վաճառվել է 8,5 միլիոն դրամով։ Գնորդը պարտավորվել էր երեք տարվա ընթացքում կատարել 32 միլիոն դրամի ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր։ Հետագա պետական հաշվետվություններում արձանագրվել են ներդրումների կատարման փուլերը, ինչպես նաև ութ աշխատատեղի ստեղծումը։ Բայց այդ իրավական և տնտեսական ցուցանիշները ինքնաբերաբար չեն նշանակում, որ քաղաքն այսօր ունի գործող խաղացանկով կինոթատրոն. Ճամբարակը կանոնավոր առևտրային կինովարձույթի հաստատված ցանկում չկա։
Սևանում պետական փաստաթղթերում պահպանվել են «Արփա» և «Զանգու» կինոթատրոնների անվանումները։ Դրանց գույքի վերաբերյալ որոշումներ ընդունվել են 1990-ականներին։ Հետագայում նախկին կինոթատրոնային տարածքներից մեկում գործունեություն է իրականացրել կրոնական համայնք։ Այդ պատմության մեջ շենքի հետագա օգտագործումը և կինոյի կանոնավոր ցուցադրության դադարեցումը տարբեր հարցեր են. նախկին նշանակությամբ տարածքի գոյությունը բավարար չէ եզրակացնելու, թե պահպանվել է նաև ֆիլմերի ցուցադրման ծառայությունը։ Նույն մարզի Վարդենիսի և հարակից բնակավայրերի համար այսօր գործող մշտական կինոթատրոնային ցանցի մասին համադրելի տեղեկատվություն նույնպես չկա։


Տավուշի մարզի Դիլիջանում նույնիսկ կարճ ժամանակով վերադարձած կինոն ցույց է տալիս, թե որքան արագ կարող է քաղաքում վերածնվել հետաքրքրությունը վաղուց փակված դահլիճի նկատմամբ։ Դիլիջանի կինոցանցի «Դիլիջան» և «Մանուշակ» կինոթատրոնների սեփականաշնորհման վերաբերյալ որոշումներն ընդունվել էին դեռ 1990-ականներին։ Հաջորդ տասնամյակներում քաղաքի բնակիչներն այլևս չունեին առօրյա գործող կինոթատրոն, թեև Դիլիջանը շարունակել է ընդունել մշակութային միջոցառումներ, հյուրեր և զբոսաշրջիկներ։
2021 թվականի հոկտեմբերի 1-ին «Մանուշակը» նորից բացեց դռները։ Դա տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ի տեղական ընտրությունների նախընտրական շրջանում։ Վերաբացման նախաձեռնությամբ հանդես էր եկել «Հանրապետություն» կուսակցության՝ համայնքի ղեկավարի թեկնածու Արմեն Ուլիխանյանը, որին, «Առավոտի» տվյալներով, պատկանում էր շենքը։ Շահումյան փողոցի 12/1 հասցեում վերանորոգվել էր դահլիճը, հայտարարվել էին ցուցադրություններ։ Հոկտեմբերի 9-ին՝ քաղաքի օրվա կապակցությամբ, այնտեղ կազմակերպված միջոցառումներին ներկա էին նաև քաղաքական գործիչներ և Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ։ Նախընտրական հարցազրույցում Ուլիխանյանը նշում էր, որ դիլիջանցիները շուրջ երեսուն տարի չեն կարողացել կինո գնալ։

Ազգային կինոկենտրոնի 2021 թվականի ամփոփման համաձայն՝ «Մանուշակում» կազմակերպվել են երկշաբաթյա կինոցուցադրություններ՝ հայկական կինոժառանգության և ժամանակակից ռեժիսորների ֆիլմերով։ Այսինքն՝ խոսքը միայն խոստման կամ խորհրդանշական ժապավենի կտրման մասին չէր. հանդիսատեսն իսկապես վերադարձել էր դահլիճ։ Սակայն հետագա տարիների համար մշտական առևտրային խաղացանկի և կանոնավոր գործունեության մասին հաստատված տվյալներ չեն հայտնաբերվել։ 2026 թվականին «Մանուշակը» կրկին չկա գործող կինոթատրոնների ցանկում։ Քաղաքը մեկ անգամ զգացել էր մեծ էկրանի վերադարձը, բայց այդ փորձառությունը չի դարձել նրա ամենօրյա մշակութային առաջարկը։
Իջևանում նախկինում գործել է «Ռուզան» կինոթատրոնը, որի սեփականաշնորհման գործընթացը նախատեսվել էր 1996 թվականին։ 2000-ականների վերջի հրապարակումներում նախկին կինոթատրոնային տարածքի օգտագործումը կապվում էր ավետարանական կրոնական համայնքի հետ։ Այնտեղ կազմակերպվել են նաև առանձին մշակութային միջոցառումներ և ֆիլմերի դիտումներ։ Բայց քաղաքի կինոցանցի անունը հանդիպում է նաև մեկ այլ պատմության մեջ՝ Իջևանից դուրս գտնվող Գանձաքար գյուղում։ Երկու օբյեկտների տարբերությունը կարևոր է. «Գանձաքար» կինոթատրոնը չի գտնվել Իջևանի քաղաքային կենտրոնում, թեև հաշվառված էր այդ կինոցանցի կազմում։

Իջևանում նախկին կինոթատրոնի շենքը նոր նշանակություն է ստացել Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործունեության շնորհիվ։ 1996 թվականին քաղաքում ձևավորվել է Հայաստանյայց ավետարանական եկեղեցու համայնքը, որն իր առաջին հավաքները կազմակերպում էր փոքր տարածքներում։ Հետագայում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը ձեռք է բերել քաղաքի նախկին կինոթատրոնի շենքը՝ այն կրոնական և համայնքային գործունեության կենտրոնի վերածելու նպատակով։ Ընկերակցության 2009 թվականի հրապարակման համաձայն՝ շենքն արդեն վերանորոգման կարիք ուներ։ Ամերիկահայ բարերարների և կամավորների աջակցությամբ նորոգվել էին մուտքն ու ճեմասրահը, իսկ 2009 թվականին Միացյալ Նահանգներից ժամանած երիտասարդ կամավորները վերափոխել էին նախկին կինոդահլիճը՝ ապամոնտաժելով մեծ էկրանը, նորոգելով պատերը, ընդարձակելով բեմը և կահավորելով երկրորդ հարկի միջոցառումների սենյակը։ Այն տարածքը, որտեղ նախկինում ցուցադրվում էին ֆիլմեր, սկսել էր օգտագործվել կրոնական արարողությունների, երեխաների և երիտասարդների կրթական ու համայնքային ծրագրերի համար։
Շենքի վերափոխումը շարունակվել է նաև հետագա տարիներին։ 2019 թվականի հոկտեմբերին Իջևան այցելած հոլանդացի կամավորների հրապարակած լուսանկարներում նախկին կինոթատրոնը ներկայացված էր հիմնանորոգման ընթացքում։ Նրանց նկարագրությամբ՝ դահլիճից հեռացվել էին կինոթատրոնի նստատեղերը, վերափոխվել էր բեմահարթակը, բացվել էին պատուհանների նոր բացվածքներ, իսկ կրոնական հավաքները ժամանակավորապես անցկացվում էին նախկին տոմսարկղերի դիմացի ճեմասրահում։ Հայաստանյայց ավետարանական եկեղեցու պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ շենքի հիմնանորոգումն իրականացվել է 2019–2021 թվականներին։ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հրապարակած տվյալներով՝ այստեղ կազմակերպվում են նաև կիրակնօրյա դպրոց, երեխաների և երիտասարդների խմբակներ, նկարչության, ձեռագործության, թատրոնի և անգլերենի դասընթացներ։ Իջևանի նախկին կինոթատրոնը, հետևաբար, չի վերացել քաղաքի հասարակական կյանքից, սակայն նրա հիմնական գործառույթը փոխվել է․ նախկին կինոդահլիճը դարձել է կրոնական և կրթական կենտրոն, մինչդեռ քաղաքում կանոնավոր առևտրային կինոցուցադրության հնարավորությունը չի վերականգնվել։

2013 թվականին կառավարությունը որոշել էր Գանձաքարի 540,9 քմ մակերեսով նախկին կինոթատրոնի շենքը 1000 դրամով վաճառել գյուղական համայնքին։ Ծրագրով պետք է ստեղծվեր մշակութային կենտրոն, իսկ համայնքը երեք տարվա ընթացքում պարտավորվել էր ներդնել 173 միլիոն դրամ։ 2016 թվականին համայնքային իշխանությունները խնդրել են երկարաձգել ժամկետը՝ նշելով, որ ներդրումների համար բավարար միջոցներ չկան։ Հետագայում հաշվարկվել են շուրջ 30,6 միլիոն դրամի տուգանքներ։ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 1048-Ա որոշմամբ կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել սեփականաշնորհման վերաբերյալ նախկին որոշումը, նախատեսել շենքի և հողամասի վերադարձը պետությանը և ներել համայնքի հաշվարկված տուգանքները։
Գանձաքարում պատմության առանցքը հենց համայնքի չիրականացված մշակութային ծրագիրն է։ Գյուղը պետք է ստանար բազմաֆունկցիոնալ կենտրոն, սակայն խորհրդանշական գնով փոխանցված շենքին կցված ներդրումային պարտավորությունը չափազանց մեծ էր համայնքի հնարավորությունների համեմատ։ Պետական որոշմամբ պարտավորությունները դադարեցվեցին, շենքը վերադարձման ենթակա դարձավ, բայց բնակիչների համար նախատեսված դահլիճի խնդիրը միայն պայմանագրի լուծմամբ չէր լուծվում։ Առանձին պետք է հաստատվի, թե ինչպես է իրականացվել գույքի փոխանցումը և ինչ ծառայություն է այն մատուցում այժմ։
Տավուշի Նոյեմբերյանի, Բերդի և հարակից բնակավայրերի կինոցանցերը ևս հիշատակվում են սեփականաշնորհման ծրագրերում։ Այս բնակավայրերի համար փաստաթղթավորված է համակարգի նախկին գոյությունը, սակայն կինոթատրոնների ներկայիս վիճակի և կանոնավոր ցուցադրությունների մասին ամբողջական տվյալներ հրապարակված չեն։ Հենց այդ բացը թույլ չի տալիս հավասարեցնել մշակութային դահլիճի առկայությունը բնակչի համար ամենշաբաթյա կինոդիտման հնարավորությանը։

Լոռու մարզում կինոթատրոնների պատմությունը առավել տեսանելի է Վանաձորի՝ տարբեր ժամանակներում ձևավորված հանրային տարածքներում։ Քաղաքային այգում գտնվող «Երևան» կինոթատրոնը կառուցվել էր 1950-ականներին և հետագայում ընդգրկվել տեղական նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում։ Այգին ու կինոդահլիճը միասին հանգստի տարածք էին կազմում. զբոսանքը կարելի էր շարունակել ֆիլմով, իսկ ֆիլմը դիտելուց հետո՝ մնալ քաղաքային այգում։ Սակայն 2013 թվականին Armlur-ի հրապարակման համաձայն՝ նախկին «Երևան» կինոթատրոնի շենքում արդեն գործում էր «Մատինյանի նշխար» հացատունը։ Հասարակական շենքն իր այցելուներին չէր կորցրել ընդհանրապես, բայց նրա մշակութային դերը փոխվել էր։
Վանաձորի Դիմաց թաղամասի «Գուգարքն» այլ կերպ էր մնացել քաղաքի հիշողության մեջ. ժամանակին այն հայտնի էր հատկապես հնդկական ֆիլմերով։ 1996 թվականի պետական որոշումները նախատեսում էին Վանաձորի կինոցանցի վերակազմավորումը՝ «Երևանը» և «Գուգարքը» դիտարկելով որպես տարբեր գույքային միավորներ։ Քաղաքում նոր կինոթատրոնի գաղափարը հետագայում կապվել էր «Արցախ» պուրակի հետ։ 2005 թվականին «Հետքը» գրել էր այնտեղ ժամանակակից կինոթատրոն կառուցելու ծրագրի մասին, բայց տարիներ անց, ըստ «Ազատության» 2019 թվականի հրապարակման, այդ նախաձեռնությունը չէր ավարտվել նախատեսված կինոթատրոնի բացմամբ։ Հանրային տարածքի շուրջ ընթացած վեճերից հետո քաղաքը երկար ժամանակ չուներ նախկին դահլիճներին փոխարինող մշտական ցուցադրական հասցե։
Վանաձորում նոր հնարավորությունները հայտնվել են վերջին տարիներին։ 2024 թվականին բացվեց «Լոռի» կինոթատրոնը, ներկայում գործում է նաև Cinema Zone-ը։ Դրանք քաղաքի կանոնավոր կինովարձույթը վերականգնել են ոչ թե հին «Երևանի» կամ «Գուգարքի» վերաբացմամբ, այլ նոր տարածքներում։ Վանաձորի բնակիչն այսօր ունի ֆիլմ դիտելու տեղական հնարավորություն, բայց պատմական կինոթատրոնների փոփոխված շենքերն ու չիրականացված կառուցապատման նախագծերը շարունակում են պատմել, թե ինչպես են մի քանի տասնամյակում փոխվել քաղաքի հանրային տարածքները։


Ալավերդիում այդ փոփոխության հետևանքը նույնիսկ ավելի շոշափելի է։ Դեբեդի կիրճում գտնվող «Լալվար» կինոթատրոնը խորհրդային շրջանի ինքնատիպ կառույցներից էր. ճարտարապետական լուծումը շենքը կապում էր կիրճի ժայռոտ լանդշաֆտին, իսկ դահլիճը քաղաքային մշակութային կյանքի մասն էր։ 2010 թվականին «Հետքը» գրել էր, որ 1990-ականների սեփականաշնորհումից հետո շենքը սկզբում օգտագործվել է որպես դագաղներ պատրաստելու արհեստանոց, իսկ հետո ընդհանրապես դադարել է օգտագործվել։ Այդ ժամանակ շենքի վերականգնումը քննարկվում էր նաև քաղաքի զբոսաշրջային հեռանկարների համատեքստում։ Կիրճի մեջ տեղավորված երբեմնի կինոդահլիճը կարող էր զբոսաշրջիկի համար դառնալ քաղաքի յուրահատուկ մշակութային կանգառներից մեկը, բայց տարիներով մնացել էր փակ։
2012 թվականին Ալավերդու զարգացման քառամյա ծրագրի հանրային քննարկումների ժամանակ բնակիչներն առաջարկել էին վերակառուցել «Լալվարը»։ Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, «Հետքի» փոխանցմամբ, պատասխանել էր, որ մասնավոր սեփականություն հանդիսացող շենքի վերանորոգումը չի կարող պարզապես ընդգրկվել համայնքային ծրագրում։ 2015 թվականին լրատվամիջոցը նկարագրել էր արդեն կիսաքանդ վիճակում գտնվող շենքը։ Տարածքը, որտեղ մարդիկ նախկինում հավաքվում էին ֆիլմի համար, աստիճանաբար վերածվում էր շենքի պահպանության, ֆինանսավորման և սեփականատիրոջ պատասխանատվության խնդրի։
2025 թվականի օգոստոսին «Լալվարի» հարևանությամբ ապրող Լեյլի Միկիչյանը Oragir.News-ի հետ զրույցում բարձրաձայնել էր շենքի վտանգավոր վիճակը։ Բնակիչների պատմելով՝ տարիներ առաջ այնտեղ հրդեհ էր բռնկվել, որից հետո կառույցն ավելի էր վնասվել։ Նրանք մտահոգված էին, որ կիսաքանդ շենքի տակով մարդիկ ու մեքենաներ են անցնում, իսկ հարակից բակում երեխաները խաղում են վտանգավոր կախված քարերի մոտ։ 2012 թվականին խոսքը կինոթատրոնի վերականգնման մասին էր, իսկ 2025 թվականին հարևանների ամենահրատապ խնդիրը դարձել էր անվտանգությունը։ Քաղաքային միջավայրի համար նախկին կինոթատրոնն այլևս ոչ միայն չօգտագործվող հնարավորությունն էր, այլև հարակից բնակելի տարածքի վտանգավոր հատվածը։
Ալավերդու պատմության մեջ անհրաժեշտ է տարբերել նաև պետական գույքի փաստաթղթերում հիշատակվող «Անուշ» կինոթատրոնն ու «Լալվարը»։ 1997 թվականի որոշումներով Թումանյանի կինոցանցը վերակազմավորվում էր «Լալվար» անունով ընկերության, իսկ «Անուշը» առանձնացվում էր որպես այլ սեփականաշնորհման օբյեկտ։ Այդ անվանումները չի կարելի միավորել մեկ շենքի պատմության մեջ՝ միայն ընկերության անվան պատճառով։ Ալավերդու հանրային տարածքի փոփոխության մասին առավել մանրամասն լուսաբանվածն այսօր հենց «Լալվարի» վիճակն է։
Լոռու Տաշիր քաղաքում նախկին կինոցանցի շենքի համար ընտրված լուծումը ոչ թե վերանորոգումն էր, այլ ապամոնտաժումը։ 2018 թվականին կառավարությունը որոշել է 2253,1 քմ մակերեսով նախկին «Կինոյի տունը» 1000 դրամով վաճառել համայնքին։ Պետական հաշվետվության համաձայն՝ շենքը գնահատվել էր որպես չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող և քանդման ենթակա։ Նախատեսվել էր մեկ տարվա ընթացքում այն քանդել և տեղում ստեղծել այգի՝ կատարելով 32 միլիոն դրամի ներդրում. 12 միլիոնը՝ քանդման ու աղբահանության, 20 միլիոնը՝ բարեկարգման համար։ Կինոթատրոնի նախկին հասցեն այս ծրագրով պետք է վերածվեր հանրային հանգստի գոտու։ Ծրագրի վերջնական իրականացումը, սակայն, պետք է առանձին հաստատել փաստացի աշխատանքների տվյալներով։

Սպիտակի, Ստեփանավանի և մարզի այլ բնակավայրերի դեպքում առկա են պետական կինոցանցերի մասին վարչական հիշատակումներ, բայց նախկին դահլիճների բոլոր հասցեների ու ներկայիս նշանակությունների միասնական հաշվառում չկա։ Հատկապես երկրաշարժից տուժած տարածքներում կինոթատրոնային ենթակառուցվածքի պատմությունը կապված է ոչ միայն սեփականաշնորհման, այլև շենքերի տեխնիկական վիճակի, վերականգնման առաջնահերթությունների և համայնքային միջոցների սահմանափակության հետ։ Առանց կոնկրետ շենքի նախագծի և սեփականության շղթայի, սակայն, որևէ փակված դահլիճի անհետացումը չի կարելի վերագրել միայն այդ պատճառներից մեկին։
Շիրակի մարզկենտրոն Գյումրիում պահպանվել է Հայաստանի մարզային կինովարձույթի այլ փորձ։ 2003 թվականի սեպտեմբերին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը շահագործող ընկերությունը ձեռք էր բերել Գյումրու «Հոկտեմբերը»։ 2004 թվականի մայիսին «Արմենպրեսին» տված հարցազրույցում ընկերության տնօրեն Մարտուն Ադոյանը հայտարարել էր նոր սարքավորումներ տեղադրելու, մոտ երկու տասնյակ աշխատատեղ ստեղծելու և տոմսերը Երևանի «Մոսկվայից» մոտ երեք անգամ էժան առաջարկելու ծրագրի մասին։ Սրանք 2004 թվականին հայտարարված նպատակներ էին, որոնց ամբողջական տնտեսական արդյունքը հաստատելու համար անհրաժեշտ կլինեին հետագա հաշվետվությունները։ Բայց հենց ծրագրի բովանդակությունն արդեն ցույց էր տալիս, որ մարզային կինոթատրոնը դիտարկվում էր և՛ որպես մշակութային ծառայություն, և՛ որպես փոքր տեղական աշխատաշուկա։

Գյումրու «Հոկտեմբերը» շարունակել է ցուցադրել ֆիլմեր և ծառայել նաև փառատոններին ու մշակութային միջոցառումներին։ Քաղաքում այսօր գործում է նաև Olympic Cinema-ն։ Կանոնավոր կինովարձույթի շարունակականությունը ստեղծել է հնարավորություն, որ գյումրեցին ընտրի ֆիլմն ու ժամանակը սեփական քաղաքում, իսկ նոր դահլիճների հայտնվելը մեծացրել է այդ ընտրությունը։ 2016 թվականին «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի պրեմիերայի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ցուցադրությունը տեղափոխվել էր 700 նստատեղ ունեցող դրամատիկական թատրոն։ Այդ դեպքը ցույց էր տալիս ոչ թե յուրաքանչյուր ֆիլմի հաստատուն բարձր պահանջարկ, այլ կոնկրետ պահ, երբ քաղաքի հանդիսատեսի հետաքրքրությունը գերազանցել էր նախատեսված դահլիճի հնարավորությունը։
Նույն մարզի Արթիկում 2006 թվականին վաճառվել են երկու տարբեր կինոթատրոններ։ «Հայաստան» կինոթատրոնի գույքը մասնավոր գնորդը ձեռք էր բերել 5 միլիոն դրամով՝ պարտավորվելով երեք տարվա ընթացքում ներդնել 1,5 միլիոն դրամ և առնվազն հինգ տարի պահպանել գործունեության պրոֆիլը։ «Արագածը» 800 հազար դրամով վաճառվել էր քաղաքային համայնքին։ Առաջինի ներդրումային պարտավորությունների առանձին փուլերը հետագայում նշվել են պետական հաշվետվություններում։ Բայց Արթիկում այսօր գործող կանոնավոր կինոթատրոն չի հաստատվում։ Գյումրիի և Արթիկի տարբերությունը հետաքրքիր է հենց այն պատճառով, որ երկուսն էլ ունեցել են պետական կինոցանցի շենքեր, սակայն դրանցից մեկում մշտական կինովարձույթը շարունակվել է, իսկ մյուսում՝ ոչ։
Ամասիայում նախկին կինոթատրոնը կապված էր նաև երկրաշարժից հետո համայնքային կյանքի վերականգնման հետ։ 1988 թվականից հետո շենքը չէր վերանորոգվել։ 2012 թվականին կառավարության հաշվետվությամբ այն վաճառվել է գյուղական համայնքին 1000 դրամով։ Պաշտոնական հիմնավորման մեջ ասվում էր, որ Ամասիան և հարակից գյուղերը չունեն դահլիճ, որտեղ կարող են կազմակերպել մշակութային միջոցառումներ։ Նախատեսվում էր երկու տարվա ընթացքում ներգրավել 300 միլիոն դրամի ներդրումներ՝ շենքը մշակութային կենտրոն դարձնելու համար։ Այս դեպքում կինոթատրոնի կորուստը նշանակում էր ոչ միայն ֆիլմերի, այլև համերգի, հանդիպման, ներկայացման և համայնքային հավաքի համար անհրաժեշտ տարածքի բացակայություն։ Նախատեսված ներդրումների ամբողջական կատարման վերաբերյալ վերջնական հաստատված տվյալներ դեռ պետք է ձեռք բերել։

Աշոցքի և Ախուրյանի կինոցանցերն իրենց հերթին պահպանվել են սեփականաշնորհման պետական ցանկերում։ Որոշ գույքային համալիրների դեպքում հատուկ նշվել էր սեփական շենք չունենալու հանգամանքը։ Հետևաբար նախկին կինոցանցի անունը չի նշանակում, որ տվյալ բնակավայրում անպայման եղել է նույն անունով առանձին պահպանված կինոթատրոնային շենք։ Շիրակի նախկին կինոհամակարգի մանրամասն քարտեզը վերականգնելու համար անհրաժեշտ է համադրել ոչ միայն սեփականաշնորհման որոշումները, այլև համայնքային արխիվներն ու կինոցուցադրության նախկին վայրերի հասցեները։
Վայոց ձորում կինոթատրոնի բացակայությունը հատկապես տեսանելի է երեք քաղաքների՝ Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի օրինակով։ Դեռ 2012 թվականին «Արմենպրեսը» հաղորդել էր, որ մարզի այս քաղաքներում կանոնավոր գործող կինոթատրոններ չկան։ Եղեգնաձորում նախկին դահլիճը կարիք ուներ վերանորոգման և տեխնիկական վերազինման։ Վայքում «Արփի» կինոթատրոնի գույքը 2006 թվականին վաճառվել էր 3,5 միլիոն դրամով, իսկ ներդրումային պարտավորությունների որոշ փուլեր հետագայում արձանագրվել էին պետական հաշվետվություններում։ Այդ փաստաթղթերը, սակայն, չեն վերածվել գործող կինոթատրոնների այն ցանցի, որը բնակիչը կարող էր տեսնել երեկոյան խաղացանկում։

Ջերմուկի դեպքում կորուստն առավել հետաքրքիր է առողջարանային քաղաքի առանձնահատկության պատճառով։ Այստեղ մշակութային հաստատությունները նախատեսված էին ոչ միայն մշտական բնակիչների, այլև բուժման ու հանգստի եկող մարդկանց համար։ Քաղաքն ուներ սեփական կինոթատրոն, որի նախագծային տարբերակները պահպանվել են Հայաստանի ազգային արխիվում։ 1997 թվականին կառավարությունը նախատեսել էր Ջերմուկի կինոցանցի սեփականաշնորհումը՝ այն վերակազմավորելով բաժնետիրական ընկերության։ Հետագայում շենքը փոխել էր սեփականատերերին և դադարել գործել իր նշանակությամբ։
2017 թվականին «Հետքի» լրագրող Երանուհի Սողոյանը զրուցել էր ջերմուկցի Քրիստինե Գևորգյանի հետ, որը հիշում էր, թե ինչպես էր շուրջ քսաներկու տարի առաջ դպրոցական ընկերների հետ ֆիլմ դիտել քաղաքի կինոթատրոնում։ Այդ հիշողության մեջ կինոն առանձնանում էր ոչ միայն ցուցադրված պատմությամբ. կարևոր էին միասին նստելը, ֆիլմի ավարտից հետո դրա մասին խոսելը, նույն տպավորությունը կիսելը։ Ջերմուկի համար նախկին կինոթատրոնի լուսանկարները ներկայում վկայում են քաղաքի այն ծառայության մասին, որի տեղը մշտական նոր դահլիճ չի զբաղեցրել։
Արագածոտնի մարզում էլ նախկին կինոցանցերի անունները պահպանվել են սեփականաշնորհման փաստաթղթերում։ Աշտարակի «Երազ» կինոթատրոնը, Թալինի և Արագածի կինոցանցերը հիշատակվում են 1990-ականների որոշումներում։ Այս քաղաքներն այսօր դուրս են կանոնավոր առևտրային կինովարձույթի հաստատված աշխարհագրությունից։ Աշտարակի՝ մայրաքաղաքին համեմատաբար մոտ լինելը և Թալինի ավելի հեռավոր դիրքը բնակիչների համար նշանակում են տարբեր ճանապարհային ծախսեր, բայց նույն սկզբունքային խնդիրը. եթե սեփական քաղաքում մշտական կինոթատրոն չկա, սեանսը դառնում է ուղևորություն։ Այդ քաղաքների շենքերի փոփոխված նշանակությունները գնահատելու համար անհրաժեշտ են առանձին տեղական արխիվներ և տեղում ուսումնասիրված հասցեներ։
Այս ամբողջ աշխարհագրությունը միայն անցյալի ճարտարապետական պատմություն չէ։ Այն անմիջապես առնչվում է Հայաստանի ներկայիս կինոբիզնեսի զարգացման սահմաններին։ «ԿինոՊրեսի»՝ Comscore-ի տվյալների ուսումնասիրության համաձայն՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի կինովարձույթի ընդհանուր հասույթը կազմել է 2 միլիարդ 130 միլիոն 410 հազար 693 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 միլիարդ 579 միլիոն 725 հազար 990 դրամի դիմաց։ Աճը 34,9 տոկոս է։ Ընդ որում՝ նոր թողարկումների թիվը 95-ից նվազել է մինչև 67։ 2025 թվականի ամբողջ տարվա ընթացքում, ըստ «ԿինոՊրեսի» ամփոփած տվյալների, կինոթատրոններ այցելել էր շուրջ 1,31 միլիոն հանդիսատես, իսկ տոմսերի ընդհանուր հասույթը կազմել էր մոտ 3,09 միլիարդ դրամ։
Սրանք գործող շուկայի թվերն են։ Դրանք ցույց են տալիս, որ մարդիկ Հայաստանում վճարում են մեծ էկրանին ֆիլմ դիտելու համար, սակայն չեն պատասխանում հարցին, թե որքան հանդիսատես կարող էին ունենալ Ալավերդին, Արմավիրը, Դիլիջանը, Իջևանը, Գորիսը կամ Մեղրին, եթե այնտեղ մշտական կինոթատրոններ գործեին։ Չվաճառված տոմսը հաշվապահական փաստաթղթում չի երևում։ Երբ քաղաքում չկա կինոդահլիճ, մենք չգիտենք՝ որքան բնակիչ կգնար կինո հենց այդ քաղաքում, որքանը մեկնել է այլ վայր և որքանը պարզապես հրաժարվել է դիտումից։ Հետևաբար մարզային ցանցի բացակայությունից առաջացած հնարավոր չստացված հասույթը չի կարելի ներկայացնել որպես արդեն հաշվարկված վնաս։ Դա ուսումնասիրության ենթակա տնտեսական հնարավորություն է։
Այդ հնարավորությունն ունի նաև հակառակ կողմը՝ ծախսերը։ Նույնիսկ 42 տեղանոց դահլիճի համար անհրաժեշտ են ցուցադրական սարքավորումներ, ֆիլմերի օգտագործման իրավունքներ, տեխնիկական սպասարկում, անձնակազմ, էլեկտրաէներգիա և անվտանգություն։ Տոմսի արժեքը ամբողջությամբ կինոթատրոնին չի մնում. հասույթի մի մասը հասնում է ֆիլմի դիստրիբյուտորին կամ իրավատիրոջը։ Քաղաքում ավելի շատ բնակիչ ունենալն ինքնին դեռ երաշխավորված շահույթ չէ, ինչպես փոքր բնակչությունը ինքնին չի ապացուցում, որ կինոթատրոն պահել հնարավոր չէ։ Պետք են իրական տվյալներ՝ սեանսների քանակի, միջին հաճախելիության, տոմսի գնի, լրացուցիչ ծառայությունների և տարվա տարբեր ժամանակահատվածներում պահանջարկի մասին։
Սակայն քաղաքի շահը չի սահմանափակվում կինոթատրոնի հաշվապահական արդյունքով։ Կանոնավոր դահլիճը կարող է ստեղծել աշխատատեղեր, աշխուժացնել հարակից ծառայությունները և բնակչին տալ սեփական քաղաքի ներսում ժամանակ անցկացնելու պատճառ։ Հատկապես երիտասարդների համար դա մշակութային միջավայրի մի մաս է՝ այլընտրանք առևտրի կենտրոնին կամ տնային էկրանին։ Փոքր քաղաքների և մեծ քաղաքների միջև կյանքի որակի տարբերությունը ձևավորվում է բազմաթիվ ծառայություններից, և կինոն դրանցից մեկն է։ Այն ինքնուրույն չի կանգնեցնի արտագաղթը կամ ներքին միգրացիան, բայց դրա բացակայությունը լրացնում է այն ծառայությունների ցանկը, որոնց համար քաղաքացին հաճախ ստիպված է գնալ մարզկենտրոն կամ Երևան։
Այս խնդիրը կապ ունի նաև հայերենով ֆիլմերի ցուցադրության և դրանց տարածման հետ։ Օտարալեզու ֆիլմը հայերեն կրկնօրինակելը կամ ենթագրելը ծախս է պահանջում։ Որքան նեղ է ֆիլմի օրինական կինոթատրոնային ցուցադրության ցանցը, այնքան ավելի փոքր կարող է լինել այդ ծախսերը տոմսերից փոխհատուցելու հնարավորությունը։ Բայց կապը մեխանիկական չէ. պետք են նաև հանդիսատեսի իրական պահանջարկ, ֆիլմերի մատչելիություն և տարածման գործուն պայմանագրեր։ Մարզերում նոր էկրան բացելը կարող է ընդլայնել հնարավոր շուկան, եթե դրան զուգահեռ լուծվում են խաղացանկի ու դիստրիբյուտորական մատակարարման հարցերը։
Պետական քաղաքականության մեջ մարզային կինոցուցադրության զարգացման մասին խոսվել է երկար տարիներ։ 2017 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնին չինական աջակցության շրջանակում տրամադրվել էին շարժական կինոթատրոններ՝ տարբեր համայնքներում ցուցադրություններ կազմակերպելու համար։ Նախկինում քննարկվել էր նաև մշակույթի տներում և այլ համայնքային շենքերում գտնվող դահլիճների օգտագործումը։ Այս միջոցառումները կարող են ֆիլմ հասցնել այն բնակավայրերին, որտեղ մշտական կինոթատրոն չկա, բայց ժամանակավոր ցուցադրությունը չի ստեղծում նույն ծառայությունը, ինչ շաբաթական խաղացանկ ունեցող դահլիճը։ Առաջինի ժամանակ քաղաք է գալիս ֆիլմը որոշակի օրով, երկրորդի դեպքում քաղաքում կա տեղ, ուր ֆիլմերը գալիս են պարբերաբար։
2025 թվականի հունվարին «ԿինոՊրեսը» ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրել էր նախկին կինոթատրոնների շենքերի և մարզերում նոր կինոցուցադրական ենթակառուցվածքի զարգացման մասին։ Հրապարակված պատասխանում նախարարն ընդգծել էր, որ պետական մոտեցումը նախկինում սեփականաշնորհված գույքը հետ բերելը չէ, այլ կինոցուցադրության նոր հարթակներ ստեղծելը։ Նա անդրադարձել էր նաև շարժական կինոթատրոնների հնարավորությանը։ Այդ մոտեցումը տրամաբանական հարց է առաջացնում տեղական իշխանությունների համար. որտե՞ղ պետք է ստեղծվի նոր դահլիճը, ո՞վ պետք է ապահովի դրա սարքավորումները և ո՞վ է պատասխանատվություն կրելու այն բանի համար, որ առաջին հանդիսավոր ցուցադրությունից հետո այն շարունակի աշխատել։
2024 թվականի Հայաստանի կինոյի հիմնադրամի զարգացման ծրագրում կինոթատրոնային ենթակառուցվածքը ներկայացվում էր որպես առանձին ուղղություն։ Նախատեսվում էր գործող դահլիճների տեխնիկական արդիականացում, փոքր քաղաքներում Miniplex Cinema ձևաչափի կիրառում, շարժական ցուցադրությունների միջոցով պահանջարկի ուսումնասիրություն և ներդրողների ներգրավում։ Ծրագրային մոտեցումը կարևոր է, բայց արդյունքը կարելի է չափել միայն կոնկրետ հասցեներով, ներդրված գումարներով, ստեղծված էկրաններով և անցկացված սեանսներով։ 2026 թվականի հոկտեմբերի դրությամբ ծրագրով ստեղծված նոր մարզային դահլիճների, դրանց ծախսերի և հաճախելիության մասին միասնական հրապարակային հաշվետվություն չի հայտնաբերվել։

Մինչ նոր ցանցի զարգացման շուրջ քննարկումները շարունակվում են, հին կինոթատրոնների գույքային պատմությունները դեռ չեն ավարտվել։ 2026 թվականի հոկտեմբերի 8-ին Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է Երևանի նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վերաբերյալ հայցի մասին։ Սեպտեմբերի 29-ին ներկայացված դիմումով պահանջվել էր, ի թիվս այլնի, բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտայի 16 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։ Ըստ դատախազության՝ պայմանագրով նախատեսված 1 միլիոն 550 հազար դոլարին համարժեք ներդրումները սահմանված ժամկետում չեն կատարվել։ Հոկտեմբերի 5-ին Հակակոռուպցիոն դատարանն ընդունել է հայցը վարույթ և կիրառել գույքի փաստացի կամ իրավական վիճակը փոխող գործողությունների սահմանափակում։ Գործով ըստ էության վճիռ դեռ չկա։
Պետական գույքի վերաբերյալ շարունակվող դատական քննությունները և մարզերում նոր կինոդահլիճների մասին ծրագրերը ընթանում են միաժամանակ։ Մի դեպքում պետությունը պարզում է, թե ինչ է կատարվել տարիներ առաջ վաճառված շենքի հետ, մյուսում՝ նախատեսում է նոր վայրեր, որտեղ ֆիլմ կդիտեն այսօր։ Դրանց միջև կանգնած են կոնկրետ քաղաքներ՝ իրենց նախկին կինոթատրոնների հասցեներով, երբեմն պահպանված շենքերով, երբեմն միայն հիշողություններով և տարբեր հեռավորության վրա գտնվող գործող մեծ էկրաններով։
Քանդելը կառուցել չէ։ Շուրջ յոթ տասնամյակ ձևավորված կինոցանցը հնարավոր եղավ կազմաքանդել որոշումների մի շղթայով։ Ժամանակին բավական էր կամք դրսևորել՝ կինոթատրոնները սեփականաշնորհելու, դրանց շենքերն այլ նպատակների ծառայեցնելու և ամբողջ համակարգը մասնատելու համար։ Բայց այն, ինչ հնարավոր եղավ քանդել այդ կամքով, այսօր միայն ցանկությամբ վերականգնել այլևս հնարավոր չէ։ Կորցրածը միայն շենքերը չէին, այլև դրանց շուրջ ձևավորված շուկա, աշխատատեղերը, մշակութային կյանքը, հանդիսատեսի սովորությունները, մասնագիտական կապերն ու քաղաքների ամենօրյա ռիթմը։ Այդ ամենը վերադարձնելու համար արդեն անհրաժեշտ են տարիների հետևողական աշխատանք, ներդրումներ և այնպիսի պայմաններ, որոնցում կինո գնալը կրկին կդառնա սեփական քաղաքում ապրելու բնական հնարավորություններից մեկը։













